Երշիկեղենի շուկայում խայտառակ վիճակը դեռ շարունակվում է

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառելու երշիկեղենի շուկայի օրինախախտ արտադրողների հանդեպ: Թե քանի՞սն են նրանք և ո՞ր ընկերությունների մասին է խոսքը, այժմ դեռ չի հրապարակվում: Տեղեկացվում է միայն, որ դեկտենբերի 10-ին, ժամը 12-ին հիշյալ հանձնաժողովում տեղի է ունենալու նիստ, որի ընթացքում հրապարակվելու են երշիկեղենի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները: Հանձնաժողովը հրապարակելու է ինչպես օրինախախտ արտադրողների անվանումները, այնպես էլ նրանց հանդեպ կիրառվող պատասխանատվության միջոցի մասին որոշումները:

Հիշենք, որ նույն հանձնաժողովը մանրածախ առևտրի մի շարք կետերում ավելի վաղ հայտնաբերել էր տարբեր ընկերությունների արտադրության մսամթերքի բազմաթիվ տեսակներ` դարձյալ շուկա հանված ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ: Մասնավորապես` ‹‹Բարի սամարացի ›› ընկերության արտադրած ‹‹Մոսկովսկայա ›› տեսակի ապխտած երշիկների փաթեթավորման վրա բացակայել էին արտադրության տարեթիվը, ամիսը, օրը: Նույն կերպ իրենց արտադրատեսակները շուկա էին հանել ‹‹Ա. Բիլյան›› (‹‹Սերվելատ››), ‹‹Աթենք›› (‹‹Բրաունշվեյգսկայա››), ‹‹Գեղարդ մսամթերքի կոմբինատ›› (‹‹Սերվելատ››), ‹‹Մարիլա›› (‹‹Սերվելատ››), ‹‹Երեմկա›› (‹‹Զեռնիստայա››), ‹‹Գամջալյան եղբայրներ›› (‹‹Կոնյաչնայա››), ‹‹Էրեբունի աստղ›› (‹‹Կոնյաչնայա››), ‹‹Ջրվեժի մսամթերքի կոմբինատ›› (‹‹Կոնյաչյնայա››), ‹‹Մուշ›› (‹‹Կռակովսկայա››) ընկերությունները և ‹‹Արարատ›› արտադրական կոոպերատիվը (‹‹Կոնյաչնայա››):

Հիշյալ ընկերությունների կողմից ոչ պատշաճ մակնշումը օրենքի խախտում էր, որը կարող էր ապակողմնորոշել սպառողին: Տնտեսվարողի կողմից նման վարքագիծը, որը կարող է մոլորեցնել սպառողներին, անբարեխիղճ մրցակցության դրսևորում է: Տվյալ դեպքում մոլորեցում է համարվում այն, որ վերոնշյալ ընկերությունների կողմից արտադրված երշիկների փաթեթավորման վրա բացակայել է արտադրության տարեթիվը, ամիսը և օրը: Հենց այդ խախտումների, այսինքն` անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար էլ նրանք ՏՄՊՊ հանձնաժողովի 2011 թ. ապրիլի 18-ի նիստում կայացված որոշումներով տուգանվել էին 500 000-ական դրամի չափով: Բացի այդ, տուգանված ընկերությունները հանձնաժողովի որոշմամբ պարտավորեցվել էին 5-օրյա ժամկետում նշված արտադրատեսակները հանել շրջանառությունից և հետագայում բացառել օրենքի խախտումը:

Սակայն, ինչպես պարզվում է, երշիկեղենի ապրանքային շուկայում, մեղմ ասած, դեռ կարգուկանոն չի հաստատվել, ինչպես հայաստանյան բազմաթիվ այլ շուկաներում: Կարծում ենք, բոլորի համար էլ հասկանալի է, որ երշիկեղենի շուկայում վերոնշյալ խայտառակ վիճակը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչության խայտառակ անգործության, առկա խախտումները հաճախ պաշտոնապես չտեսնել տալու հետևանքն է, ինչը, բնականաբար, ծնում է կասկածներ, որ այդ անգործությունը պայմանավորված է կոռուպցիայով: Ընդգծենք, որ մակնշման հետ կապված հիշյալ խախտումները երշիկեղենի շուկայում եղած խախտումների դեռ սոսկ մի չնչին և ‹‹անմեղ›› մասն են, կան նաև սպառողի առողջությանը սպառնացող վտանգի առումով առավել լուրջ բնույթ ունեցող խախտումներ` կապված առանձին երշիկների և նրբերշիկների բաղադրության հետ: Ոչ, խոսքը դրանցում արտերկրից ներկրված գոմեշի մսի առկայության մասին չէ, որը նույնպես կա, այլ նիտրատների, տարբեր սննդային հավելումների, ինչպես նաև գենետիկորեն ձևափոխված սոյայի օգտագործման:

Տեսանյութեր

Լրահոս