Որքա՞ն է կազմել Երևանի նստարանների «ատկատը»
Վերջերս Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը հարցում էր կատարել Երևանի քաղաքապետարանին` Երևանում տեղադրված նստարանների արժեքը և քանակը ճշտելու կապակցությամբ: Քաղաքապետարանի պաշտոնական պատասխանից պարզ էր դարձել, որ Երևանում 2012թ. տեղադրվել է թվով 600 նստարան, իսկ պատվերի արժեքը կազմել է 99 միլիոն դրամ: Ըստ այդմ՝ մեկ նստարանի արժեքը կազմել է 165 հազար դրամ: Պատվերն իրականացրել է «Նիկոլ Դուման» ընկերությունը, իսկ պատվերի համար վճարել է քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամը: Երևանում նստարաններ տեղադրելու գաղափարը դրական էր, դրանց դիզայնի հետ կապված տարաձայնություններն էլ կարող են նաև սուբյեկտիվ լինել: Որքան մարդ՝ նույնքան կարծիք: Այլ խնդիր է, որ նորմալ երկրների մայրաքաղաքների արտաքին տեսքի վրա ազդող ատրիբուտների`թե նստարանների, թե կրպակների կամ գովազդային ցուցանակ-վահանակների, նույնիսկ հասարակական աղբարկղերի, զուգարանների դիզայնը կատարվում է հեղինակավոր և պրոֆեսիոնալ ժյուրիի մասնակցությամբ: Մեզանում, ինչպես միշտ, տնավարի է լինում: Քաղաքապետի կամ վարչության, բաժնի պետերի ճաշակի մակարդակով: Ինչևէ:
Իսկ որքանո՞վ է տրամաբանական այդ նստարանների գինը՝ մեկ հատը 165 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Ի դեպ, հիշեցնենք, որ Երևանում նկարազարդված դալաններից յուրաքանչյուրի արժեքն էլ կազմել է ավելի քան 1 միլիոն 200 հազար դրամ: Ինչո՞ւ` անհասկանալի է: Փաստ է, որ 99 միլիոն դրամ է ծախսվել նստարանների պատրաստման համար: Նույնիսկ չենք քննարկում, թե որքանո՞վ էին նպատակահարմար այսօր այդքան ծախսերը, այն դեպքում, երբ քաղաքը հսկայական խնդիրներ ունի:
Քաղաքապետարանը լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել էր, որ Մայրաքաղաքում տեղադրվող նոր նստարանները, ինչպես նաև՝ նոր տիպի աղբամաններն ու արգելափակոցները, պատրաստվում են «Նիկոլ Դուման» ԱԿ-ում և ձեռք են բերվել «Երևան» հիմնադրամի միջոցներով։ Ձեռքբերման համար, համաձայն պայմանագրի, հիմնադրամից տրամադրվել է 150 մլն դրամ: Երևանի քաղաքապետարանից նաև նշել են, որ հայտարարված մրցույթ չի եղել, առաջարկն արվել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի (ԱԿ) կողմից, և քաղաքապետարանը հավանություն է տվել: Իսկ «Նիկոլ Դուման» ԱԿ-ն ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարի նախկին տեղակալ, ԱԺ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, ՀՅԴ անդամ Կառլեն Գևորգյանը: Ըստ «Նիկոլ Դումանի», նստարանները մաքուր հայկական հաճարից են և չուգունից: Մեկ նստարան հավաքելու համար անհրաժեշտ է մոտ մեկ ժամ:
Սոցիալական ցանցերում երևանցիները ներկայացրել էին Houzz.com օնլայն մասնագիտացված խանութում ներկայացված նմանօրինակ նստարանի արժեքը՝ 174.99 դոլար է: Այն իր ընդհանուր դիզայնով էապես չի առանձնանում երևանյան նստարաններից: Կայքում ներկայացված են ճարտարապետական, տների հարդարման նախագծեր, քաղաքի, փողոցների, բնակարանների հարդարման անհրաժեշտ պարագաներ և նյութեր: Եթե Երևանում պատրաստված և տեղադրված նմանատիպ մեկ նստարանի արժեքը կազմել է 165 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, ավելի, քան 405 դոլար, ապա դրսում պատրաստված գրեթե միևնույն նստարանի արժեքն ընդամենը 174.99 դոլար է` մոտ 230 դոլարով պակաս: Այսինքն` անգամ ճանապարհածախսի և մաքսազերծման արժեքը հաշվի առնելով՝ հսկայական գումար կարելի էր խնայել: Սա ուշագրավ է հատկապես վերջին շրջանում իշխանությունների համար մոդայիկ դարձած «ատկատների» թեմայի համատեքստում: Հետաքրքիր է` ատկատների մեխանիզմը գործել է նաև ա՞յս դեպքում: