Հայաստանում միասեռականների ու երկսեռականների թվի աճ չկա. սեքսապաթոլոգ

16-22  տարեկան անձանց շրջանում միասեռականների և երկսեռականների թվի աճ չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: «Իրականում թիվը՝ որպես այդպիսին, չի աճել, պարզապես ազատ մթնոլորտն է հիմա նպաստում դրան, որպեսզի այդ ամենն ավելի նկատելի լինի»:

Վրեժ Շահրամանյանը նաև նշեց, որ միասեռականությունը հանվել է հիվանդությունների շարքից, դրա միայն մեկ ձևն է դիտվում որպես հիվանդություն. մնացած բոլոր դեպքերում այն համարվում է սեռական նախընտրության տարատեսակ. «Քանի որ սրանք հանվել են հիվանդությունների շարքից, պատճառ, որպես այդպիսին, չկա»:

Հոգեբան Սիրանուշ Անդրեասյանն էլ նշեց, որ միասեռականության կամ երկսեռականության առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն շրջանառվում են տարբեր վարկածներ. «Վարկածներից մեկն այն է, որ մարդը ծնվում է այդպիսին: Դա ինչ-որ հորմոնային փոփոխության հետևանք է: Երկրորդ վարկածն այն է, որ սեռադերային նույնականացման տարիքում մարդիկ տարաբնույթ ինֆորմացիա են ստանում: Երբ ընտանեկան նորմալ հարաբերությունները, իրենց ծնողների հարաբերությունները իրենց չեն բավարարում, երեխաները, դեռահասները մտնում են ինտերնետ, կայքեր, ԶԼՄ-ներ, որտեղ տեսնում են, որ կա այլընտրանքային տարբերակ, և փորձում են իրենց տարբեր ոճերում: Հենց 16-21 տարեկան հասակում  անձինք իրենց փորձում են տարբեր դերերում, մինչև որ կկողմնորոշվեն: Վերջերս գերմանացի գիտնականներից մեկն էր ուսումնասիրություն արել և ցույց էր տվել, որ  մկների մոտ միասեռականության առաջացման պատճառն ընդամենը քրոմոսոմների մի փոքր խմբի փոփոխության հետևանք էր, այսինքն՝ գենետիկ մակարդակով: Ես կարող եմ ասել, որ սա ընդամենը մի համախմբում է մեկ  անձի մեջ: Նույնիսկ, եթե քրոմոսոմային խումբը, եթե գենետիկան նպաստում է նրան, որ տվյալ արտահայտությունը մարդու մոտ լինի, ամեն դեպքում, մինչև շրջակա միջավայրը իր ազդեցությունը չգործի, գենետիկան չի ազդի»:

Տեսանյութեր

Լրահոս