Վարդան Ղուկասյանի գերդաստանը հրաժարվու՞մ է հարկեր վճարել Բալասանյանին

Վերջերս Գյումրիի քաղաքապետարանում Սամվել Բալասանյանը հավաքել էր բաժինների պետերին` խորհրդակցության: Աղբահանության, քաղաքի լուսավորության և այլ հարցերի հետ քննարկվել է նաև սեփական եկամուտների հավաքագրման հարցը: Այս մասին հիշեցնում է galatv.am կայքն ու մեջբերում Բալասանյանի խոսքերը.

«Ունենք լուրջ խնդիրներ, վարձակալության տրված հողերի և ապօրինի շինությունների հետ կապված: Մեծ ապառքներ ունենք հավաքված: Ի՞նչն էր պատճառը պարո՛ն Փափազյան, ես ձեր բաժնին մի քանի անգամ արդեն զգուշացրել եմ՝ եթե այսպես շարունակվեց, ես սկսելու եմ շատ խիստ խոսել, և էդ դեպքում դուք մեղավոր կլինեք, որ ձեր գործառույթը չեք կարողանում իրականացնել»,- հայտարարել է Սամվել Բալասանյանը՝ դիմելով քաղաքապետարանի բյուջեի և եկամուտների հավաքագրման բաժնի պետին:

Ապա հավելել.«Ես ասել եմ, որ ինձանից եմ սկսում, եթե ես տարիների ընթացքում կամ որևէ տարի պարտք եմ ունեցել՝ դա հողի հարկի կլինի, կամ գարեջրի գործարանը, վեր հանեք, ասեք, որ առաջինը դուք պիտի մուծեք: Մենք օրինակ ծառայենք մյուսներին, հիմա ասեք՝ ո՞րն է պատճառը, որ էդքան պարտքեր կան և չեք կարողանում հավաքել»:

Աղբյուրի հաղորդմամբ` Գյումրիի քաղաքապետարանի բյուջեի և եկամուտների հավաքման բաժնի պետը ներկայացրել է, որ ապառքները կուտակվել են տարիների ընթացքում, ինչ մնում է Սամվել Բալասանյանի պարտքերին, բաժնի պետն ասել է. «Չէ, դուք պարտքեր չունեք, պարոն Բալասանյան, դուք հլը 60 հազար էլ ավել եք վճարել, դուք, որ նոր եկաք, ասացի՝ հանեք պարտքերս, ես վճարեմ…»:

Ապա Սամվել Բալասանյանը ևս մեկ անգամ խիստ հանձնարարական է տվել բոլորին՝ անխտիր բոլորից հարկեր հավաքել.«Ես ասեմ, հանեցի ցուցակները, պարզ դարձավ, որ հիմնականում քաղաքի հարուստները չեն մուծում: Անուններ էլ տվեք, իրազեկեք, հասարակությունը թող իմանա՝ ովքեր են, որ գումար չեն մուծում»,- ասալ է Բալասանյանը:

Իսկ երբ եկամուտների բաժնի պետը հանել է ցուցակներն ու փորձել տալ անպարտաճանաչ հարուստ հարկատուների անունները, Սամվել Բալասանյանը հանկարծակի ընդմիջել է. «Պետք չէ, անուններ ոչ էլ տվեք, մենք անուն-ազգանուններով կհանենք հետո կտանք, անուն ազգանուններով կհանենք, արդեն ես տվել եմ այդ անունները»:

Ըստ galatv.am-ի աղբյուրների՝ հարկերից խուսափում են հիմնականում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գերդաստանի գործարարները: Նրանք չեն ենթարկվում քաղաքապետարանի աշխատակիցներին և խուսափում են գումար վճարել Բալասանյանի ղեկավարած կառույցին:

Տեսանյութեր

Լրահոս