Սերժ Սարգսյանի մեսիջը` Հովիկ Աբրահամյանին. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը տևել է մոտ երկու ժամ, եղել է բավականին առանցքային` կուսակցության մարտավարության տեսանկյունից: Նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանի ԳՄ-ական թևը, որպես մեղմ-հանդարտ ռազմավարության կողմնակից, գտել է, որ պետք է փորձել բոլոր դեպքերում լեզու գտնել Ծառուկյանի հետ, իսկ Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ վճռականությամբ ասել է` առաջ ենք գնում և շատ կոշտ ենք առաջ գնում, առաջվա նման թույլ չենք տալու, որ ոմանք օգտվեն մեր լռությունից և համբերությունից:
ՀՀԿ ծերակույտի սրտով է եղել այդ որոշումը: Հովիկ Աբրահամյանը, որն ամեն ԳՄ-ի ժամանակ հաստատում էր, որ Ծառուկյանը 99 տոկոսով պաշտպանելու է ՀՀԿ-ին, ընկճված ու լուռ է եղել, որովհետև հասկացել է, որ ծերակույտի պահվածքում իրեն ևս ուղղված մեսիջ կա»: