
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Եվրահանձնակատարի հետ

Եվրամիության ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հինգշաբթի երեկոյան հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչների, ինչպես Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ է ասվում` Հայաստանի Ազգային ժողովի «ամենամեծ ընդդիմադիր կուսակցության հետ»:
Դեկտեմբերի 6-ի երեկոյան ԲՀԿ-ի և Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական օրակարգին առնչվող բարեփոխումները և առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված առաջարկությունները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Սթանոն:
Համաձայն նույն հայտարարության` հանձնակատար Ֆյուլեն կոչ է արել, որպեսզի ընդդիմությունը քննադատական, բայց նաև կառուցողական ներգրավվածություն ունենա իշխանության հետ վերոնշյալ գործընթացում: Ասոցիացման համաձայնագրի, ինչպես նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առնչությամբ Շտեֆան Ֆյուլեն կոչ է արել իր զրուցակիցներին բազմակուսակցական համաձայնության գալ այն բարեփոխումների շուրջ, որոնք անհրաժեշտ են Համաձայնագրի արդյունավետ իրականացման համար: