Բաժիններ՝

Մեդվեդևը հրաժարական կտա

Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը հրաժարական կտա 2013թ. մարտ-ապրիլ ամիսներին։ Նման կանխատեսում է արել Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտը իր զեկույցում, որը հայտնվել է «Իզվեստիայի» տրամադրության տակ։ Միխայիլ Դելյագինի ինստիտուտը հնարավոր հրաժարականի պատճառ համարում է Ռուսաստանի իշխող շրջանակներում «միջկլանային պայքարը», որը թուլացնելու է Մեդվեդևին և նրա «լիբերալ կլանը»։

Հրաժարականի վրա ազդող մեկ այլ գործոն է գյուղատնտեսության նախկին նախարար Ելենա Սկրիննիկի հետ կապված սկանդալը (վերջինս մոտ է Մեդվեդևի հետ)։ Նոյեմբերին «Россия 1» հեռուստաալիքը նյութ հրապարակեց՝ նշելով, որ Սկրիննիկը կարող է կապ ունենալ «Ռոսագրոլիզինգ» ընկերությունում կատարված հափշտակության հետ։

Ըստ զեկույցի, վարչապետի պաշտոնում Մեդվեդևին ամենայն հավանակությամբ կփոխարինի Դմիտրի Ռոգոզինը։ Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, Մեդվեդևի հրաժարականի վերաբերյալ կանխատեսման հետ համաձայն է նաև Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի ղեկավար Գլեբ Պավլովսկին։

Իսկ Մեդվեդևի մամուլի քարտուղար Նատալյա Մեդվեդևան, մեկնաբանելով այս տեղեկությունները, ասել է. «Կառավարության հրաժարականի վերաբերյալ գուշակությունները ավելի լավ ստացվում են հանգուցյալ գուշակ Վանգայի մոտ, քան փորձագետների»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս