
«ՀՀԿ-ն պատրաստ է նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացած սցենարով»

Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ առաջադրման դեպքում, կտարբերվի առաջադրված մյուս թեկնածուներից, բացառությամբ գործող նախագահից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Հարցին՝ որքա՞ն եք գնահատում Գագիկ Ծառուկյանի առաջադրման շանսերը, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Շանսերի մասին չասեմ. հավանականությունը, որ Ծառուկյանը կառաջադրվի, կամ ոչ, կպաշտպանի մեկ այլ թեկնածուի, կամ ՀՀԿ առաջադրած թեկնածուին, բոլորն էլ հավանական համարում եմ: Այնուամենայնիվ, ինչպիսին լինի ԲՀԿ առաջնորդի որոշումը, դրան պետք է հարգանքով վերաբերվենք»:
Ա. Դավթյանը նշեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացած սցենարով: Նրա խոսքով՝ իրենք ոչ պակաս կարևոր են համարում իրական մրցակցության պայմանների առակայությունը, և գուցե ԲՀԿ առաջնորդի առաջադրման պարագայում ականատես լինենք մրցակցային որոշակի բարձր նշաձողի:
Արտակ Դավթյանը հավելեց, որ թե՛ Հանրապետական կուսակցությունը, թե՛ ինքն առիթներ ունեցել են հայտարարելու և նորից բարձրաձայնում են, որ թեկնածուների միջև մրցակցությունն ընթանալու է երկրորդ տեղի համար: