Աղվան Վարդանյանն է՞լ Խաչիկյանի գործով պատասխանատվության կենթարկվի. մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սոցիալական ապահովության պետական ծառայությանը (նախկինում` հիմնադրամ), որտեղ միլիոնների յուրացումներ են բացահայտվել, ասաց, որ ուսումնասիրությունները ահռելի ծավալների են, և իրենք ամիսներով փաստաթղթեր են ուսումնասիրել: Տիկին Ղարիբյանը նաեւ նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանի 2010-2011 թվականի բացահայտումներն, ըստ էության, կրկնվել են:
Հիշեցնենք, որ «սոցապհիմնադրամի» չարաշահումների վերաբերյալ էլ լրատվամիջոցներից մեկին նախաքննական մարմինն ասել էր, որ փաստաթղթեր կան, որտեղ հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ստորագրությունն էլ կա: «Առավոտը» Սոնա Ղարիբյանից հետաքրքրվեց, այդքան ծավալուն աշխատանք եք կատարել և հազարավոր փաստաթղթեր եք ուսումնասիրել, չ՞եք հանդիպել մի փաստաթուղթ, որտեղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանի ստորագրությունը լինի, կամ փաստաթուղթ, որի համար նաև նախկին նախարարը պատասխանատվություն պետք է կրի:
«Յուրաքանչյուր ոլորտում, ոլորտի ամենաավերին ղեկավարից մինչև շարքային աշխատող, ամեն մեկն իր պատասխանատվության մասն ունի, և յուրաքանչյուր գործում, համապատասխանաբար, հանձնարարված առնչվող բոլոր մարմիններն էլ իրենց պատասխանատվության մասնաբաժինն ունեն, անկախ նրանից, այդ ստորագրությունը կա՞, թե՞ չկա», -ասաց վերահսկողության տեսչության պետը:
Նշենք, որ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը սոցապ ծառայությունում հայտնաբերված չարաշահումների ընթացքում եղել է այդ ոլորտի նախարարը, իսկ հիմնադրամը գործել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ:
Մինչ օրս մոտ 7000 անձ` շարքային քաղաքացիներ, հիմնադրամի աշխատակիցներ են հարցաքննվել, մոտ 2 տասնյակ մեղադրյալներ կան և մեկ տասնյակ էլ հիմնադրամի միջին օղակի պաշտոնյաներ կալանավորվել են , իսկ Աղվան Վարդանյանը երբևէ չի հարցաքննվել: