Րաֆֆիի ուղին դեպի «Բարգավաճ Հայաստան»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությունները` ՀՅԴ-ի ներկայացրած պլատֆորմի վերաբերյալ, լայն իմաստով չեն բացառում հնարավորությունը` հրաժարվել սեփական թեկնածությունն առաջադրելուց:

«Ես ընդունում եմ «Դաշնակցության» հրապարակած կետերը, ես կողմ եմ քննարկումներին, և ես գնում եմ դեպի խորհրդարանական հանրապետություն և կարծում եմ, որ ներկա դրությամբ ոչ մեկը չի կարողանա ինձնից ավել իրականացնել նախագահի այդ աշխատանքը»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տվյալ դեպքում էականը ՀՅԴ պլատֆորմի կետերի բովանդակությունը չէ, դրանք խոշոր հաշվով նաև այն մոտեցումներն են, որոնք արտահայտվել են նաև «Ժառանգություն» կուսակցության կողմից: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը չի հայտարարում, թե ողջունում է, որ ՀՅԴ-ն ամբողջացրել է այն մոտեցումները, որոնք տարիներ շարունակ արտահայտել է իր ղեկավարած կուսակցությունը: Այլ ողջունում է հենց ՀՅԴ-ի պլատֆորմը: Տվյալ դեպքում դա կարևոր է:

Հովհաննիսյանն, իհարկե, ասել է, որ իրենից ավելի լավ ոչ մեկը չի կարող իրականացնել այդ կետերը, բայց չի բացառել, որ իրենից լավ իրականացնող չի կարող ի հայտ գալ: Կարճ ասած, Րաֆֆի Հովհաննիսյանի «մեսիջի» իմաստն այն է, որ ինքը չի բացառում, դիցուք, Գագիկ Ծառուկյանին սատարելու հնարավորությունը:

ՀՅԴ պլատֆորմն այն տրամպլինն է, որը Րաֆֆի Հովհաննիսյանին կարող է տանել դեպի Ծառուկյանի պաշտպանություն: Տանել այն իմաստով, որ դա վարկաբեկիչ չհամարվի: ՀՅԴ պլատֆորմը հնարավորություն է տալիս հայտարարելու, որ միասնական թեկնածուն անցումային թեկնածու է, որը լուծելու է մեկ կարևոր խնդիր` ապահովելու է անցումը խորհրդարանական կառավարմանը:

Տեսանյութեր

Լրահոս