Լոնդոնը հետաքննություն է սկսել Rolls-Royce-ում սկանդալի գործով
Բրիտանական Rolls-Royce խումբը տեղեկատվություն է ուղարկել Առանձնապես խոշոր չափերի խարդախությունների դեմ պայքարի բյուրոյին, որը վերաբերում է միջնորդների մասնակցությամբ կատարվող գործարքներում առկա կոռուպցիոն դրսևորումներին։ Այս մասին նշվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Դրանում ասվում է, որ տեղեկատվությունը իրավապահ կառույցներին ուղարկվել է նրանց իսկ պահանջով, քանի որ ընկերությունը կասկածվում է Չինաստանում և Ինդոնեզիայում ապօրինություններ կատարելու մեջ։ Rolls-Royce-ի սեփական հետաքննությունը հաստատել է այդ կասկածները։
Ընկերությունը նշում է, որ դեռևս վաղ է խոսել հետաքննության արդյունքների մասին։ Սակայն չի բացառում, որ Rolls-Royce-ի և նրա ներկայացուցիչների նկատմամբ կարող է դատական գործ հարուցվել։
Ընկերության արժեթղթերի գինն այս հաղորդագրությունից հետո ֆոնդային բորսաներում ընկել է 2.6%-ով։