
Կիմ Չեն Իրի պաշտամունքը Հյուսիային Կորեային արժեցել է 120 միլիոն դոլար

Կիմ Չեն Իրի՝ Փհենյանում տեղադրված 23 մետրանոց արձանն արժեցել է 10 միլիոն դոլար։ Նմանատիպ 7 արձաններ կանգնեցվել են տարբեր տեղերում, այդ թվում՝ պետական հաստատությունների դիմաց։ Ընդհանուր առմամբ, դրանց վրա ծախսվել է 50 միլիոն դոլար։ Այս մասին գրում է հարավկորեական «Չոսոն Իլբո» թերթը։
Բացի այդ, 25 միլիոն դոլար է ծախսվել՝ Հավերժ կյանքի 3200 աշտարակների վրա Իրի անունը գրելու համար։
Եվս 15 միլիոն դոլար հատկացվել է Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի առաջնորդների պատկերով խճանկարները փոխելու համար։ Իսկ երկու առաջնորդների 20 միլիոն դիմանկարների վրա ծախսվել է 20 միլիոն դոլար։
Պաշտամունքի համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար Կորեայի Աշխատանքային կուսակցությունը վերակազմավորել է հատուկ հիմնադրամը, որը ստեղծվել էր 2007 թվականին։ Ընդ որում, կամավոր նվիրատվությունները չեն բավարարել, և թերթի տվյալներով երկրի քաղաքացիներին ստիպել են գումարներ փոխանցել հիմնադրամին՝ այդ կերպ ապացուցելով նվիրվածությունը ռեժիմին։
Սակայն այդ միջոցներն էլ չեն բավարարում, և որոշ տեղեկություններով, Հյուսիսային Կորեայի իշխանությունները եվրոպական և ասիական երկրներից բարձր տոկոսադրույքներով վարկեր են վերցնում։