Այս խմբում կարելի է պայքար մղել. Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Դեկտեմբերի 4-ին Նիոնում, ՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցավ ֆուտզալի Եվրոպայի 2014 թ. առաջնության որակավորման փուլերի վիճակահանությունը: Վիճակահանության ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում էր ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, ով վիճակահանությունից առաջ հեռախոսազրույց ունեցավ ՀՖՖ պաշտոնական կայքի հետ եւ ներկայացրեց վիճակահանության մասնակիցների սպասելիքներն ու ակնկալիքները, ՈՒԵՖԱ-ում տիրող իրավիճակը:
Վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտզալի հավաքականը պայքարը կսկսի առաջին որակավորման փուլից, որտեղ ընդգրկվել է D խմբում: Մրցաշարը տեղի կունենա Բուլղարիայում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Ուելսի և Հունաստանի հավաքականները: Վիճակահանության արդյունքների, ինչպես նաև մեր թիմի մրցակիցների մասին ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ:
Պարոն Նազարեթյան, ինչպե՞ս կգնահատեք վիճակահանության արդյունքները:
-Նորմալ: Պետք է պայքարել:
Ի՞նչ գիտեք մեր թիմի մրցակիցների մասին:
-Ուելսի հավաքականի մասին տեղեկություններ չունեմ, իսկ Բուլղարիայի եւ Հունաստանի հետ մենք հանդիպել ենք պաշտոնական մրցաշարերում և երկու խաղն էլ ավարտել ենք ոչ ոքի` 2:2 հաշվով:
Ինչպե՞ս է թիմը նախապատրաստվելու մրցաշարին:
-Մենք պլանավորում ենք ընկերական հանդիպում անցկացնել և սպասում էինք վիճակահանության արդյունքներին, որպեսզի ընտրենք մեր մրցակցին` նույն խաղաոճով հանդես եկող թիմ: Եթե դեկտեմբերին չհաջողվի խաղալ, ապա արդեն հունվարին կանցկացնենք այդ հանդիպումը և կմեկնենք Բուլղարիա:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը