
Microsoft-ի նախկին թոփ-մենեջերը որոշել է մարիխուանա աճեցնել

Microsoft կորպորացիայի նախկին թոփ-մենեջեր Ջեյմեն Շայվլին որոշել է սեփական բիզնես սկսել՝ աճեցնել և վաճառել մարիխուանա։ Այս մասին հաղորդում է KIRO-TV-ն։
Հաջորդ տարվա ընթացքում Շայվլին մտադիր է հետազոտել շուկան և մշակել վաճառքների համակարգ։ Իր բիզնեսը նա որոշել է անվանել իր նախապապի անունով՝ Դիեգո Պելիսյե։ Վերջինս եղել է 19-րդ դարի ամենախոշոր մարիխուանա արտադրողներից մեկը։ «Պատկերավոր ասած, մարիխուանան արյանս մեջ է», – ասել է Շայվլին։
Բիզնեսմենը նշել է, որ իր արտադրանքն էժան չի լինի։ Շուկայում այն կդիրքավորվի այնպես, ինչպես թանկարժեք կոնյակը կամ սիգարը։ Այսինքն՝ կլինի մի բրենդ, որը քիչ քանակությամբ կօգտագործվի՝ չափահաս, կայացած և պատասխանատու մարդկանց կողմից։
Նշենք, որ դեկտեմբերի 6-ից Վաշինգտոնում և Կոլորադոյում մարիխուանայի օգտագործումը կօրինականացվի։ 21 տարեկանից բարձր անձինք կկարողանան քիչ քանակությամբ աճեցնել, գնել և օգտագործել այս թմրամիջոցը։