«Լևոն Զուրաբյանի խոսքը վճռորոշ չէ Կոնգրեսում»
ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն, անդրադառնալով Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի փոխադարձ վիրավորանքներին, 168.am-ի հետ զրույցում ասաց, թե երկու գործիչներն էլ ոչ մի վճռորոշ խոսք չունեն իրենց ներկայացրած ուժերում: «Լևոն Զուրաբյանը համակարգողն է, բայց ինչպես տեսնում ենք ի սկզբանե և մինչև հիմա ոչինչ չի համակարգել: Նա ինչպես եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ, նրա խոսքը մասնակից կուսակցություններին և հանրությանը հաղորդող, այդպես էլ մնացել է»,- նշեց նա:
Կ. Ռուբինյանը չբացառեց, որ երկու կողմերն էլ, հարաբերությունները չվնասելու համար, հնարավոր է՝ հայտարարեն, թե դրանք չեն արտահայտում կուսակցության կամ քաղաքական միավորի պաշտոնական տեսակետը: «Ամեն ինչ էլ հնարավոր է, քանի որ այդ այլանսն անբնական այլանս է, բայց էլի եմ կրկնում, եթե այդ գործիչների միջև լեզվակռիվ է եղել, վեճ կամ վիրավորանքներ են եղել, այդ գործիչները որոշիչ ուժեր չեն, դա էական նշանակություն չի կարող ունենալ»,-եզրափակեց Ռուբինյանը:
Կարապետ Ռուբինյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք ավելի ուշ: