
Ցանկանում եմ, որպեսզի իմ կարիերայի մասին դատեն այն ավարտելուց հետո. Լիոնել Մեսսին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Voetbol International-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է անցած մրցաշրջանում կրած անհաջողությունների և այն կարծիքների մասին, որ ինքը ֆուտբոլի պատմության մեջ երեք լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
«Խոսելով անցած մրցաշրջանի մասին` չեմ կարող ասել, թե ինչու այդպես ստացվեց: Սակայն մենք ամեն ինչ կանենք նույն սխալները չկրկնելու համար: Մենք պետք է ձգտնեք հաղթանակի:
Ինչպե՞ս եմ վերաբերվում Պելեի և Մարադոնայի հետ համեմատություններին: Ինձ համար դա մեծ պատիվ է, սակայն ես աշխատում եմ թիմի և իմ հաջողությունների համար` ուշադրություն չդարձնելով մյուսների կարծիքներին: Պարզապես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ դատեն իմ կարիերայի մասին այն ավարտելուց հետո», – նշել է արգենտինացին:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին երեկ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ և 2012թ.-ի ընթացքում գոլերի թիվը հասցրեց 84-ի: Նրան մեկ գոլ է մնացել Գերդ Մյուլերի` մեկ օրացույցային տարվա ընթացքում խփած գոլերի քանակով սահմանած ռեկորդին հասնելու համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը