«Նման ընտրություններով ՀՀ նախագահն էլ չէր արժանանա Ստեփան Սաֆարյանի շնորհավորանքին»

Ընտրությունների ընթացքի մասին 168.am-ը զրուցել է  թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածություն առաջադրած «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ:

-Ինչպե՞ս եք  Ձեզ զգում, պարոն Սաֆարյան;

– Հոգնած, բայց՝ լավ եմ: Իհարկե, զայրացնող է, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ, ըստ էության,  առաջընթաց չկա և անընդհատ քեզ զգում ես մայիսի 6-ի մեջ: Ըստ էության, այն, ինչ կատարվում է, բացարձակապես փորձարկվել է մայիսի 6-ին՝  ցնդող թանաքեր, անվերասկելի քվեարկություն: Եվ ուզում  եմ  հայտարարել, որ այս ամբողջ խայտառակության պատասխանատուն,  մեղմ բառ եմ օգտագործում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, առնվազն թանաքների կապակցությամբ նրանց զգուշացրել էի, առաջարկել էի չհայտնվել մայիսի 6-ի իրավիճակում, ներկայացնել որոշում ընտրության օրը սովորական թանաք օգտագործելու մասին:

Նոյեմբերի 30-ի երեկոյան 18:00-ին նշանակվում է իմ գործի քննությունը ԿԸՀ-ում, և մերժվում է, և պարոն Մուկուչյանը շարունակում է պնդել, որ թանաք օգտագործողները լավ չեն օգտագործում: Այնինչ մայիսի 6-ին բոլորն են արձանագրել, որ խնդիրը թանաքանյութի մեջ է, որը բառացի մի քանի րոպեների ընթացքում անհետանում է:  Անգամ ժամը 16:00-ի դրությամբ կան ընտրատեղամասեր, որտեղ շարունակում են օգտագործել նույն ցնդող թանաքանյութերը: Այսինքն՝ միայն այն, որ Հայաստանի իշխանությունններն ուզում են մտնել նույն գետը, ապա դա նշանակում է, որ լավ նպատակով չէ, որ անում են:

Իսկ ԿԸՀի նախագահ  Տիգրան Մուկուչյանին տեղյակ պահե՞լ եք:

– Ես նախազգուշացրել եմ, և երբ նա մերժեց իմ դիմումը, նույնիսկ երեկ իմ լիազոր ներկայացուցիչների հետ փորձել եմ վիճարկել Վերաքննիչ վարչական դատարանոմ, որտեղ, սակայն, բացի երկու ոստիկանից, որևէ մեկը չի եղել, որ իմ գործն ընդունի:

Աշխատանքայի՞ն ժամ էր:

-Այո,աշխատանքային  ժամին՝ 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում էր: ԿԸՀ-ում իմ մի բողոքը և վարչական վարույթը   գրեթե փորձել են հանձնել նույն ժամին: ԿԸՀ-ն, օրինակ, ֆիկսել է, որ իմ լիազոր ներկայացուցիչը  ժամը 16:00-ին է հանձնել, բայց նույն ժամի մատույցներում իմ լիազոր ներկայացուցիչը չի կարողանում հանձնել  վարչական գործն այդ դատարանին, որովհետև դատարանի երկու ոստիկաններն ասացին, որ բացի իրենցից որևէ մեկը չկար շենքում, և որ իրենք իրավասու չեն ընդունել վարչական գործը:Անգամ այս անգործությունը պատահական չէ:

-Իսկ ի՞նչ ակնհայտ ընտրախախտումներ կառանձնացնեք: Ընտրակաշառքի դեպքեր եղե՞լ են:

-Անվերահսկելի քվեարկություն է, մարդկային կուտակումներ: Արձնագարվել, տեսագրվել են, թե ինչպես են ՀՀԿ-ի թեկնածուի շտաբի անդամներն ընտրողներին շատ կազմակերպված տանում ընտրատեղամասեր, և ընտրատեղամասի մուտքի մոտ հիշեցնում են, թե ում պետք է ընտրի: Այսինքն՝ ընտրության օրը նաև քարոզչություն է գնում: Ընտրակաշառքի  մասին զրույցներ լսել եմ, բայց քանի որ դրանց տվողն ու վերցնողն իրենց մարդիկ են, հետևաբար, նրանցից որևէ մեկը չի ասի: Մեր վստահված անձերը, օրինակ, մի քանի ընտրատեղամասերի հարևանությամբ լսել են զրույցներ այսպիսի բովանդակությամբ . «Դու վերցրեցի՞ր փողը, այո, վերցրեցի: Դե  ես գնամ այլ մարդկանց ասեմ»:

– Մի քանի ժամ առաջ Ռոբերտ Սարգսյանի նախընտրական գլխավոր շտաբում կերուխում էր, բարձր տրամադրություն, և կարծես, նրանց համար արդեն պարզ են ընտրությունների արդյունքները…

-Ես չեմ զարմանում: Ռոբերտ Սարգսյանն այնքան վստահ էր, որ իր շահերն ամեն գնով բավարարվելու են, որ նույնիսկ Ընտրատարածքային  հանձնաժողով ո՛չ ինքն էր եկել, և ոչ էլ ներկայացուցիչ էր ուղարկել այն ժամանակ, երբ վիճարկում էր իր գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը: Ինքն այնքան կանխավ գիտեր, որ ԸՀ-ը  բառիս բուն իմաստով «դոշ» է տալու իր համար: Նույն կերպ նա երեկ էլի չէր ներկայացել ԿԸՀ, թեպետ ծանուցվել էր: Ռոբերտ Սարգսյանին ԿԸՀ-ի ընտրատարածքային հանձնաժողովն ակնհայտորեն  ասել է, որ ինքն ըտրվելու է: Հետևաբար, Ռ. Սարգսյանը միանգամայն իրավունք ունի  այսօր խնջույք կազմակերպել և հրավառություն անել անգամ քվեարկության առավոտը:

– Այս զարգացումները կանխատեսելի՞ Էին Ձեզ համար:

-Իհարկե, ես միամիտ չեմ, այլ որակի ընտրությունների հույս չեմ ունեցել, բայց նաև որպես քաղաքական գործիչ՝այլ տարբերակ չունեմ, քան պայքարելը: Սա պայքարելու մեկ հնարավորություն է ինձ համար մարդականց այլընտրանք ապահովելու: Սա այս համակարգի իրական դեմքը ցույց տալու հնարավորություն է:

-Իսկ կշնորհավորե՞ք Ռ. Սարգսյանին:

-Ոչ, երբեք, նման ընտրություններով Ռ Սարգսյանը չէ, որևէ մեկն էլ առաջադրված լիներ՝ դա լիներ ՀՀ նախագահը կամ որևէ մեկը, չէր արժանանա Ստեփան Սաֆարյանի շնորհավորանքին:

Զրուցեց Մարինե Մարտիրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս