Ստյոպա Սաֆարյանի վստահված անձին սպառնացել են

Թիվ 1/16 ըտրատեղամասում ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի վստահված անձ Արմինե Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հանձաժողովի անդամ Անուշ Մելիքյանը սպառնացել է իրեն՝ ասելով, թե «քվեարկությունից հետո մենք դեռ ցույց կտանք»: Չգիտեմ` ինչը ցույց կտան,- նշեց Ա. Մանուչարյանը:

Մինչդեռ Անուշ Մելիքյանը սաստիկ վրդովվեց, երբ լսեց իր անունը, անմիջապես միջամտեց զրույցին. «Ի՞նչ եմ ցույց տալիս: Նման արտահայտություն ընդհանրապես չի եղել: Այս վստահված անձը երեկվանից խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքները…Մտնում էր քվեաթերթիկների մեջ, քանդում էր դրանք, և երբ հանձնաժողովի նախագահը նկատողություն արեց, ասաց, թե ինքն իրավունքներ ունի»,- ասաց Ա. Մելիքյանը:

Ի պատասխան վերջինիս դիտարկմանը հանձնաժողովի քարտուղար Ոսկեհատ Իսախանյանը պարզաբանեց. «Կրկնվող քվեաթերթիկը հայտնաբերվել է երեկ, որը մարվել է, վրան գրվել է խոտան, որից հետո Սաֆարյանի վստահված անձը ցանկացավ ծանոթանալ, թե արդյո՞ք մյուս քվեաթերթիկներում եղել է կրկնվող համար: Եվ սա Մելիքյան Անուշը համարում է խոչընդոտ»: Վերջինս մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Անուշ Մելիքյանի կողմից սպառնալիքները «Ժառանգության» վստահված անձին եղել են իր ներկայությամբ:

Ա. Մանուչարյանը չհերքեց այն, որ այդ ընտրատեղամասում ճնշումներ են գործադրվում իր վրա: Ընդ որում՝ նույն ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձը հանձաժողովին տեղեկացրել է կնիքների անհետացման մասին, սակայն հանձնաժողոցը միայն 2,5 Ժամ հետո է արձագանքել: Մանրամասները՝ հաջորդիվ ներկայացվող տեսանյութում:

Տիգրանուհի Մարտիրոսյան
Մարինե Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս