Ստյոպա Սաֆարյանի շտաբն ահազանգում է. դրոշմակնիքները ցնդում են
Այսօր առավոտյան ժամը 8:00-ին մեկնարկել է թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունները, և շուտով գրանցվել է առաջին խախտումը: ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանն ահազանգել է, որ ընտրողների անձը հաստատող փաստաթղթում դրվող դրոշմակնիքի թանաքը նախատեսվածից շուտ է ցնդում:
Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբի հայտարարությունը.
«Ինչպես և կանխազգում էինք՝ թիվ 1 ընտրատարածքի բազմաթիվ տեղամասային հանձնաժողովներում արդեն ակնհայտ է, որ անձը հաստատող փաստաթղթերում դրվող դրոշմակնիքի թանաքանյութը ցնդում է 10-15 րոպեների ընթացքում: Այդպիսի կոնկրետ ահազանգեր ստացվել են 1/3, 1/23, 1/29, 1/10-ում և այլ տեղամասերից:
Հայտարարում ենք, որ այս այլանդակության պատասխանատուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, որը մերժեց սովորական թանաքանյութի գործածման իմ առաջարկությունը, վարչական դատարանը, որը իր անգործությամբ վարչական վարույթ չընդունեց ԿԸՀ այդ որոշումը բողոքարկելու գործը:
Որևէ ակնկալիք չունեմ ընտրական հանցագործությանը նպաստող վերոնշյալ մարմիններից»,- փոխանցում է 168.am-ի հատուկ թղթակիցը: