Բաժիններ՝

Հասարակության անտարբերության վտանգը

Հանրությանը իրազեկել երկուշաբթի Վահե Ավետյանի հուղարկավորության տեղի, ժամի ու երթուղու մասին, այցելել սպանվածի ընտանիքին՝ցավակցելու և հուղարկավորությանը հանրության մասնակցելու հետ կապված գործողությունները համաձայնեցնելու նպատակով, իսկ հուղարկավորությունից հետո կազմակերպել սգո երթ՝ այս մասին նախապես տեղեկացնելով հանրությանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կամ թռուցիկների միջոցով:Ահա այս քայլերի ցանկն է քննարկվել և հաստատվել այսօր ժամը 17:00-ին Ազատության հրապարակում` Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողովի կողմից, որը պետք է համակարգի «Սարդարապատ» շարժման առաջարկով Վահե Ավետյանի հուղարկավորությունը համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման վերածելու հայտարարված գործընթացը:Հիշեցնենք, որ երեկ տարածած հայտարարությամբ «Սարդարապատ» շարժումը կոչ էր արել «արժանապատվություն ունեցող և ապագայի մասին մտահոգ բոլոր քաղաքացիներին համախմբվել»:
Նշենք, որ հանձնաժողովի անդամների մի մասը իր՝ հանձնաժողովում ընդգրկվելու համաձայնությունը տվել է հեռախոսով և տարբեր պատճառներով Ազատության հրապարակում չէր, իսկ քննարկման մասնակիցների թիվն, առհասարակ, այսօր չի գերազանցել երեք տասնյակը:Վարդգես Գասպարին ցավով նշել է, որ պայքարը մեր հասարակության համար դարձել է «քլիք»: Այսինքն, «այսինչ խմբին մի հատ «լայք» են անում ու համարում են, որ իրենց բողոքն արտահայտել են: «Հարսնաքարի» մոտ մոմավառության ֆեյսբուքյան ակցիային 1700 մարդ էր միացել, մինչդեռ ոչ վիրտուալ միջոցառումներին քսան մարդը չի գերազանցում»,-ասել է ՀԱԿ ակտիվիստը: Ի տարբերություն, Ժիրայր Սեֆիլյանը ավելի լավատես է և օր օրի զգում է պայքարողների քանակի ավելացումն ու հետևաբար՝ առաջընթացը: «Եթե մի քանի տարի առաջ նման դեպքում մեծ մասը ձայն չէր հանում, հիմա արդեն գիտակից խավը հասունացել է»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Երեկ ժամը 19-ի սահմաններում նա մահացավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս