Օհանյանը չի՞ բողոքարկելու դատավճիռը
ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանը, ով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, ամենայն հավանականությամբ, չի բողոքարկի դատավճիռը: Այս մասին news.am-ի թղթակից հետ զրույցում ասել է Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
Հիշեցնենք, որ բողոքարկելու համար հայց ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է հուլիսի 2-ին:
Փաստաբանն այս ընթացքում պարբերաբար հանդիպել է Մարգար Օհանյանի հետ, նա ժամանակ էր խնդրել, որպեսզի մտածի` ցանկանում է բողոքարկել, թե` ոչ:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն մայիսի 30-ին, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:
Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:
Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս: