Բաժիններ՝

Երթուղային տաքսիները վերանորոգվում են

Երևան քաղաքի երթուղային տաքսիների վերանորոգումն ու բարեկարգումն ընթացքի մեջ է:

Հիշեցնենք, որ ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունում մայիսի 31-ին, ըստ հաստատված ժամանակացույցի, մեկնարկել են երթուղիների մրցույթները:

Գնահատման պարտադիր չափանիշների մեջ մտնում են մեքենայի տեխնիկական վիճակը, արտաքին տեսքը, ուղևորասրահի հարմարավետությունը, նստատեղերի անհրաժեշտ քանակը և այլն: Սահմանված պահանջի համաձայն, երթուղիներ դուրս կգան բացառապես այն շարժակազմերը, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին և մասնագիտական հանձնաժողովի կողմից առավել բարձր միավորներ կստանան:

Հնարավոր թերություններ հայտնաբերելու պարագայում, եթե շարժակազմում անհրաժեշտ քանակի մեքենաներ չապահովվեն, մրցույթը կհամարվի չկայացած: Նման դեպքերում կհայտարարվի նոր մրցույթ, որը կանցկացվի 45 օր հետո: Մինչ այդ, երթուղին կշարունակի ազգաբնակչության սպասարկումը` այլ ռեսուրսների հաշվին համալրում ստանալու պայմանով:

Մինչև նոյեմբերի վերջ յուրաքանչյուր շաբաթ տեղի կունենա 4-ից 5 երթուղու մրցույթ, որից հետո մայրաքաղաքի երթուղային նոր ցանցը կստանա իր լիարժեք տեսքը և ըստ այդմ էլ կկազմակերպվեն ուղևորափոխադրումները:

Այսօր մենք այցելեցինք Երևանի երթուղային տաքսիների պարկեր և ծանոթացանք կատարվող աշխատանքներին: 42 համարի երթուղային տաքսիների պարկում վերանորոգման աշխատանքներ էին կատարվում: Երթուղայինները պատրաստվում էին մրցույթին: Կատարվում էին ներկման, սրահի վերանորոգման, նստարանների փոխման աշխատանքները:

42 համարի երթուղային տաքսիների գծի տնօրեն Ավետիս Բարսամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երթուղային տաքսիներից մեկը դուրս է հանվել է “գծից”, քանի որ արտաքին անբարեկարգ վիճակում է եղել: Տեսանք նաև այն մեքենաները, որոնք ներկված, պատրաստ սպասում էին իրենց` երթուղի դուրս գալու ժամին: Տնօրենը հավաստիացրեց, որ ոչ մի անսարք կամ անբարեկարգ վիճակում գտնվող մեքենա այսուհետ ուղևոր չի փոխադրի:

Նույնը վկայեցին նաև այլ երթուղայինների վարորդները: 168.am-ի հարցին` արդյո՞ք կատարվելիք աշխատանքները ենթադրում են վարորդների` մեքենայի համար վճարվող գումարի ավելացում, Ա. Բարսամյանը պատասխանեց, թե նման բան չի կարող լինել: Ընդհակառակը, ըստ նրա` սպասվում է գծի վճարների նվազում: Դա, ըստ Բարսամյանի, պայմանավորված է երկրից ազգաբնակչության արտահոսքով, ինչն էլ ենթադրում է քիչ աշխատուժ: Ավետիս Բարսամյանը հավաստիացրեց, որ վարորդների պակասի պայմաններում գծի գումարի ավելացում հաստատ չի լինի:

Մեքենաների վերանորոգման աշխատանքները կատարվում են, վարորդներն ու գծի տերերը վստահեցնում, որ ուղևորներ փոխադրելիս, մեքենաների սարքությունն ապահովված կլինի: Բոլորը վստահեցնում և պնդում են, որ ուղևորափոխադրումները կանցնեն բարձր մակարդակով և, որ ամենակարևորն է, առանց անցանկալի միջադեպերի:

ԱԻԴԱ ՂԱՐԻԲՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս