Սիրիայի հարցով նախարարների միջազգային հանդիպումը սկսվեց

Սիրիայի հարցով միջազգային նախարարական հանդիպումը, որտեղ քննարկման հիմնական թեման, ինչպես սպասվում է, դառնալու է ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի պլանի իրագործումը, բացվել է Ժնևում: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Ռուսաստանին հանդիպմանը կներկայացնի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարները կքննարկեն, այսպես կոչված, «Սիրիայում կարգավորման ղեկավարող սկզբունքները»: Անանի պլանը նախատեսում է մի շարք պարտավորությունների կատարում կառավարության ու ընդդիմության միջև, մասնավորապես կրակի դադարեցում, տուժածներին հումանիտար օգնության տրամադրում:
Անանը Սիրիայի հարցով հրավերներ էր ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական 5 անդամ երկրների ԱԳՆ ղեկավարներին (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա), Թուրքիայի, Իրաքի, Քուվեյթի, Կատարի, ՄԱԿ-ի ղեկավարներին, ԱՊԼ անդամներին, ԵՄ քաղաքականության ու անվտանգության հարցով բարձրաստիճան ղեկավարությանը:
Ժնևում նիստի արդյունքներով, ինչպես ենթադրվում է, կընդունվի նոր ամփոփիչ փաստաթուղթ, որը մինչ համաժողովի մեկնարկը դեռ չէր համաձայնեցվել:
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի` Սիրայում «միասնական կառավարության» ստեղծման վերաբերյալ առաջարկում ներգրավված չի լինի երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը, գրում է «Ալ Արաբիա»-ն:
Ըստ գործակալության՝ այս մասին հայտնել է Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին` նշելով, որ 11 անդամ-երկրներից 9-ը դեմ են արտահայտվել Ասադի ներգրավվածությանը: Կանխատեսվում է, որ «միասնական կառավարության» առաջարկը լինելու է այսօր շվեյցարական Ժնև քաղաքում ընթացող աշխարհի գերտերությունների բանակցությունների առանցքային թեման:
Անանի առաջարկած ծրագիրը ենթադրում է, որ նոր կառավարությունում պետք է հավասարապես ներկայացված լինեն թե գործող վարչակարգի, թե ընդդիմության ներկայացուցիչները, որոք սակայն չպետք է վտանգեն իշխանության կայությունը:
Սակայն այս առիթով Ասադը նշել է, որ Սիրայում առկա հակամարտության լուծման հարցում չի ընդունում որևէ արտաքին միջամտություն:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 16 ամսից ավելի շարունակվող հակամարտության հետևանքով երկրում 10 հազարից ավելի մարդ է զոհվել:

Տեսանյութեր

Լրահոս