Ն.Սարգսյան. «Վազգեն Մանուկյանից նման մակարդակի պատասխան չէի ակնկալում»
«Պարոն Սարգսյան, Հանրային խորհուրդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով ըստ էության, Ձեզ մեղադրում է նախորդ տարիներին հսկայական գումարներ աշխատելու մեջ: Հետաքրքիր է, ի՞նչ գումարներ եք աշխատել», Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասաց. «Միշտ հարգանքով եմ վերաբերվել Վազգեն Մանուկյանին և բարձր եմ գնահատում նրա անցած ճանապարհը:
Անկեղծ ասած, նրա տրամաչափի պետական գործչից այդ մակարդակի պատասխան չէի ակնկալում: Հանրային խորհրդի անունից տարածված զրպարտչական բնույթի խոսքը ուղղակիորեն հաստատում է իմ համոզմունքը, թե ով է տեքստի հեղինակը և ով է ուղղորդում Հանրային խորհրդի քաղաքաշինության ոլորտին վերաբերող հարցերը:
Ինչ վերաբերում է այդքան երազած «հսկայական գումարներ աշխատելուն», ապա ի տարբերություն Վազգեն Մանուկյանի որոշ մերձավորների, ես երբևէ որևէ բիզնեսի մեջ չեմ եղել, չկամ և իմ ապրուստը վաստակել եմ բացառապես իմ մասնագիտությամբ, այն է՝ ճարտարապետական նախագծումով, ինչը կարող են հաստատել բոլոր գործընկերներս, այդ թվում նաև՝ Հանրային խորհրդի շատ անդամներ»: