Օլիմպիադայում նրանք կպաշտպանեն հայկական դրոշի պատիվը
Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 28 օր: Համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն ազատ ոճի ըմբիշներ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Հաջիմուրադ Նուրմուհամեդովը (84 կգ ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը , ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), լողորդներ Միքայել Քոլոյանը, Անահիտ Բարսեղյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, թաեքվոնդոիստ Արման Երեմյանը (80 կգ), նիզականետորդներ Մելիք Ջանոյանը, Քրիստինե Հարությունյանը, հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանը, Արսեն Սարգսյանը և չորս տղամարդ ու երկու կին ծանրորդ, որոնց անուններն ու քաշային կարգերը մարզաձևի հանրապետական ֆեդերացիան կհրապարակի հուլիսի 12-ին:
Տղամարդ ծանրորդները Լոնդոն կմեկնեն նաև մեկ պահեստայինով` 69 կգ քաշային կարգում: Հնարավոր է նաև, որ նշված մարզիկների շարքը համալրեն ևս երկու աթլետներ. նախատեսված է վազորդուհի Ամալյա Շառոյանի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային մրցաշարում և ՌԴ բաց առաջնությունում, իսկ գյումրեցի Սևակ Եղիկյանը ուղեգրի համար կպայքարի Իսպանիայում հուլիսի 5-ին կայանալիք մարաթոնյան վազքում: Ընդհանրապես աթլետների վարկանիշային մրցումները միմյանց կհաջորդեն մինչև հուլիսի 18-ը: