Կենտրոնի նոտարի գործունեությունը կասեցրին
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Սոնիկ Մաղաքյանը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիներ բողոք են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի գործողությունների դեմ՝ կապված ՀՀ քաղաք Երևանի, Արամի փողոց 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրերի կնքման (վավերացման) հետ: Քաղաքացիների բողոքների հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարի 01.06.2012թ. թիվ 87-Ա հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ: Վարույթի արդյունքում, առաջնորդվելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 26 հոդվածի 2-րդ մասի և 17 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, ՀՀ արդարադատության նախարարի 29.06.2012թ. թիվ 116-Ա հրամանով «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ, որպես կագապահական տույժ, կիրառվել է գործունեության կասեցում՝ 2012թ. հունիս 30-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ: