Զուրաբյան. ՀԱԿ առաջնորդը ԲՀԿ-ի հետ համագործակցելու մասին ասել է ամեն ինչ
ՀԱԿ-ի ներսում երկճեղքում չկա, Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տարաձայնություններ՝ առավել ևս: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Որևէ թև գոյություն չունի: Ցանկացած հարցի շուրջ տարբեր տեսակետներ լինում են, սակայն նման երկփեղկվածություն գոյություն չունի»,-ասաց նա: Զուրաբյանը խոստովանեց, որ նման քննարկումների ընթացքում ժամանակին տարաձայնություններ եղել են, սակայն հիմա նման այդպիսիք չկան: Իսկ տարաձայնությունները, ըստ նրա, զուտ մարտավարական առումով են եղել և վերաբերվել են նրան, թե ինչքանով ճիշտ է խոսել ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին: Զուրաբյանը հստակեցրեց, որ վերջին հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ամենի վերջակետը դրել է:
ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործի առիթով Նիկոլ Փաշինյանի վերլուծության շուրջ բանավեճ, այդուհանդերձ, եղել է, իսկ վերջաբանի մասին նա խոսել չցանակացավ. «Այդ կապակցությամբ շատ լուրջ և առողջ բանավեճ տեղի է ունեցել, որին ես ավելացնելու ոչինչ չունեմ»:
Զուրաբյանին զարմացնում է այն դիտարկումները, թե առաջին նախագահի ելույթը հերթական մեսիջն էր ԲՀԿ-ին: «Տեր-Պետրոսյանն այնքան բաց խոսեց, որ ավելացնելու բան չկա: Ինչ-որ կա, վերևն է, տակը ոչինչ չկա»,- ասաց նա:
Դավիթ Շահնազարյանի պասիվության մասին մեկնաբանություն նույնպես Զուրաբյանը չտվեց: Նա որպես ՀԱԿ համակարգող համաձայնվեց, որ ՀԱԿ-ի առանցքային դեմք հանդիսացող Շահնազարյանը վերջին շրջանում իսկապես շարժման մեջ պասիվ է, բայց միևնույն ժամանակ նշեց, որ Շահնազարյանը իրեն չի լիազորել պատասխանելու լրագրողների հարցերին:
Իսկ լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ճիշտ է, որ նա մեկնում է ԱՄՆ, Զուրաբյանը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում և չի կարծում, որ դա ճիշտ է: