Եվրամիությունը հետաձգել է Հայաստանի հարցով դոնորների համաժողովը

Եվրամիությունը առայժմ հետաձգում է Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովը՝ ակնարկելով, որ խորհրդարանական ընտրությունները լիովին չեն արդարացրել ակնկալիքները, և այժմ Բրյուսելում սպասում են 2013-ի նախագահական ընտրություններին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է կառույցի՝ ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը՝ Փիթեր Ստանոն։
Հիշեցնենք՝ նույն պաշտոնյան խորհրդարանական ընտրություններից առաջ՝ անցած տարվա դեկտեմբերին, «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել էր, որ պաշտոնական Բրյուսելը շատ է տպավորված արդար և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու՝ Հայաստանի իշխանությունների խոստումներից և պատրաստ է այդ ընտրություններից հետո միջազգային համաժողով անցկացնել և գումարներ հավաքել՝ Հայաստանին օժանդակելու համար։
«Մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հիմնականում դրական անցան, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, և կախված այն հանգամանքից, թե ինչպես Հայաստանը կարձագանքի այդ խնդիրներին՝ 2013-ի նախագահական ընտրությունները ազատ և արդար անցկացնելու առումով, առավել հստակ կլինի՝ երբ է անցկացվում այս համաժողովը, ինչպես նաև՝ ինչ կարող է անել Եվրամիությունը Հայաստանին է՛լ ավելի աջակցելու և մեր օրակարգում առկա բոլոր ծրագրերը կատարելու ուղղությամբ», – ասել է Եվրամիության ներկայացուցիչը։
Նշենք, որ միջազգային այս հավաքները, որպես կանոն, մի հարկի տակ են հավաքում ֆինանսական լուրջ կարողություններ ունեցող կազմակերպություններին՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, և այլն, ինչպես նաև զարգացած երկրների ներկայացուցիչներին, որոնք ծանոթանում են դժվարին իրավիճակում գտնվող այս կամ այն երկրի խնդիրներին և գումարներ ու ծրագրեր են առաջարկում՝ դրանք լուծելու համար։ 2001 թվականին Փարիզում անցկացված այդօրինակ համաժողովում, օրինակ, Հայաստանը 620 միլիոն դոլարի նոր վարկեր և օժանդակություն ստացավ միջազգային կառույցներից՝ աղքատությունը կրճատելու համար։
Թե որքան գումար կարող է հավաքվել այս՝ դեռևս նախապատրաստվող համաժողովի ընթացում, Եվրամիության ներկայացուցիչը դժվարանում է նշել, սակայն ընդգծում է, որ դրանից առաջ Հայաստանի իշխանությունները դեռ պետք է մի շարք քայլեր կատարեն։
«Անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հարթել այն բացթողումները, որոնք արձանագրվել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ միջազգային չափանիշներին լիովին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար», – ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակը և շարունակում. – «Բացի այդ, անհրաժեշտ է ավելացնել ջանքերը Մինսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ, ինչպես նաև ամրապնդել դատական համակարգի անկախությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930