Կայացել է մուտքի վիզաների դյուրացման բանակցությունների 3-րդ փուլը

Հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի վիզաների դյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունների երրորդ փուլը:
Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Պատվիրակության կազմում են եղել արտաքին գործերի ու արդարադատության նախարարությունների, Ոստիկանության ներկայացուցիչները:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից հայտնում են, որ բանակցությունների ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջև արդյունավետ աշխատանքի արդյունքում առաջընթաց է գրանցվել 2012թ. փետրվարից մեկնարկած գործընթացում: Ակնկալվում է մոտ ապագայում ավարտին մոտեցնել վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով կսահմանվի, որ մի շարք մասնագիտությունների Հայաստանի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ, գործարարներ, սպորտի ու արվեստի գործիչներ և այլոք, վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաև նվազեցնել շենգենյան մուտքի վիզաների գինը, ինչպես նաև անվճար դարձնել այն երեխաների ու թոշակառուների համար: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրին զուգահեռ Հայաստանի և ԵՄ միջև բանակցվում է նաև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայանագիր, որով կարգավորվելու են ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման հարցերը:
Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է հուլիսի կեսին Երևանում:

Տեսանյութեր

Լրահոս