Այդ առումով ՀԱԿ առաջնորդը բավականին կարեւորել է ԲՀԿ-ի դերակատարությունը: Նրա ելույթից տպավորություն է առաջանում, որ հենց այդ կուսակցության դիրքորոշումից է կախված, թե առաջիկա տարիներին ուժերի հարաբերակցությունը որ կողմ կթեքվի: ԲՀԿ-ն հնազանդությո՞ւն կհայտնի նախագահ Սերժ Սարգսյանին, թե՞ կգնա ընդիմադիր դաշտ` ուժերի հավասարակշռությունը թեքելով այդ կողմը: Եթե ԲՀԿ-ն հնազանդություն հայտնեց Սերժ Սարգսյանին, ինչպես ասում է Լ.Տեր-Պետրոսյանը, ապա դա կլինի նրա` որպես քաղաքական գործոնի վերջը: Եվ ոչ միայն: ԲՀԿ-ին ուղղված առաջին նախագահի դիտարկումները ոչ միայն այդ կուսակցության գոյությանն ու քաղաքական ճակատագրին են վերաբերում, այլ կարծես թե այդպիսով նպատակ ունեն նրան ետ պահել իշխող ՀՀԿ-ի ու նրա նախագահի «կցորդն ու հլու-հնազանդ կամակատարը» լինելու հեռանկարից, եւ, որ ամենակարեւորն է, մղել դեպի ընդդիմադիր դաշտ, ինչը համառորեն չի ուզում անել այդ ուժը: Եվ իսկապես, քաղաքական դաշտում ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի կողմից կարծես թե այդ կուսակցությանը «փախցնելու» պայքար կա: Լ.Տեր-Պետրոսյանը նաեւ շարունակում է ԲՀԿ-ին տարանջատել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Եվ այն ուժերը, ովքեր դա չեն ընդունում, նրա խոսքերով` այդպիսով փորձում են ժողովրդին սարսափեցնել: «Նախեւառաջ, դեմագոգիան մեկ կողմ դնելով, մեկանգամընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է` Ս.Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ այդպիսի սպառնալիք իրականում գոյություն չունի, եւ Քոչարյանն` ինքը, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ Մարտի 1-ին հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է»,- հայտարարում է Լ.Տեր-Պետրոսյանը:
«Անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ եւ քաղաքական ուժեր, այդ թվում` նաեւ ՀԱԿ-ից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել եւ, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել ԲՀԿ-ի ընդդիմացումը եւ քաղաքական մյուս ուժերի, հատկապես` Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար` նպատակ հետապնդելով այդ ուժին կրկին մղել Ս.Սարգսյանի գիրկը» «Այդ խնդիրը լուծելու համար իշխանությունն, իր կողմից, բացի քարոզչական միջոցներից, բնականաբար, օգտագործելու է, եւ կարծես-թե արդեն իսկ սկսել է օգտագործել նաեւ հարկային, ուժային եւ վարչական ճնշումների մեխանիզմները»,- ասում է Լ.Տեր-Պետրոսյանը` բնականաբար նկատի ունենալով Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ հարուցված քրեական գործն ու ստուգումները:
Ինչո՞ւ է իշխանությունը նման ճնշումների մեխանիզմներ կիրառում ԲՀԿ-ի նկատմամբ: ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ առաջին նախագահն իրավացի է իր դիտարկումներում: Նա նաեւ չի կարծում, որ «իրենց նախկին կոալիցիոն գործընկերը եւ այսօր իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ն փաստաբանի կարիք ունի»: «Դա , հավանաբար, ՀԱԿ-ի քաղաքական հաշվարկների արդյունք է, բայց չեմ կարող ասել, թե ինչ հաշվարկներ ունեն: Մենք շատ թեթեւ ենք նայում բոլոր քաղաքական ռեւերանսներին»,- ասում է Է.Շարմազանովը:
Այնուամենայնիվ, Վ.Օսկանյանի եւ նրա հիմնադրամի շուրջ կատարվող իրադարձությունները պատահական չեն ու հեռու չեն քաղաքական դրդապատճառներից: Քաղաքական դաշտում գերիշխող է այն տեսակետը, թե այդպիսով իշխանությունները փորձում են կանխել նախագահական ընտրություններում նրա առաջադրվելու հնարավորությունը:
Ի պատասխան` Է.Շարմազանովը կրկնում է իր հայտարարություններից մեկը. «Պետք է հիշեցնեմ, որ Հայաստանում վաղուց քաղաքական ռեպրեսիաների, ճնշումների ժանամակներն անցյալում են: Այս նոր Հայաստանը նախագահ Սարգսյանի գլխավորությամբ կառուցվում է ժողովրդավարական արժեքների վրա»: Է.Շարմազանովը բնականաբար, չհամաձայնեց նաեւ այն մտքի հետ, թե ՀՀԿ-ն խրախուսում է այն քարոզչությունը, թե՛ ԲՀԿ-ի հետեւում Ռ.Քոչարյանն է կանգնած: «Ճտերն աշնան են հաշվում»,- ավելացրեց նա` անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն կոալիցիային չմիանալով` թուլացրել է իշխանական մոնոլիտը:
ԲՀԿ-ից ընդհանրապես չցանկացան մեկնաբանել Լ.Տեր-Պետրոսյանի դիտարկումները: Կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը չցանկացավ պատասխանել հարցերին, թե իսկապես իրենց նկատմամբ ճնշում կա՞, կամ արդյո՞ք Ռ.Քոչարյանն ազդեցություն ունի ԲՀԿ-ի վրա: Փոխարենը` ծավալուն մեկնաբանություններ տվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Ես ավելի խորքային եմ ուզում այդ հարցին անդրադառնալ: Իմ կարծիքով` Լ.Տեր-Պետրոսյանն ունեցել է հետեւյալ մարտավարությունը` համակարգային փոփոխություն ասելով` հասկացել է` կոալիցիոն որեւէ ուժի հետ համագործակցելով` կարողանալ մեկուսացնել կոալիցիայի մյուս հիմնական ուժին: Եվ այդպիսով միասին մասնակցել պետության կառավարմանը: Սկզբնական փուլում բավականին ջանք գործադրեց, որ երկխոսության միջոցով մեկուսացնի Ռ.Քոչարյանին ու ԲՀԿ-ին եւ այդ ողջ հանցագործությունները բարդի նրանց վրա: Այսինքն` Լ.Տեր-Պետրոսյանը եւ Ս.Սարգսյանն` ընդդեմ ԲՀԿ-ի եւ Քոչարյանի: Մոտավորապես այն առաջարկությամբ, թե Մարտի 1-ի եւ բոլոր հանցագործությունների կրողներն ու տերերը սրանք են եղել: Դա չստացվեց: Հիմա փորձում է ԲՀԿ-ի, բնականաբար, նաեւ Քոչարյանի հետ մեկուսացնել Ս.Սարգսյանին ու ՀՀԿ-ին` ողջ պատասխանատվությունը բարդել նրանց վրա: Նույն մարտավարությունն է հակառակ ուղղությամբ»,- ասում է Ռ.Հակոբյանը:
Այնուամենայնիվ, քաղաքական դաշտում իշխող են երեք նախագահներին սատարող ուժերը: Լ.Տեր-Պետրոսյանն էլ ասում է, թե իշխանական բուրգից ԲՀԿ-ին պոկելով` փորձում է քաղաքական միաբեւեռությունը քանդել, մրցակցություն ստեղծել:
«Ես չեմ կարծում, որ միաբեւեռությունն ուզում է քանդել, դրանք պարզապես գեղեցիկ ձեւակերպումներ են: Հիշեցնեմ` ձեւավորվեց միասնական շտաբը, եւ դրված էր ՀՀԿ-ին մենաշնորհից զրկելու խնդիրը: Արդյունքում` այդ միացյալ շտաբն իր պաշտպանության տակ վերցրեց եւ լեգիտիմացրեց կոալիցիոն մյուս ուժի բացարձակ հակաօրինական գործունեությունը: Պետության նկատմամբ հանցագործություն էր կաշառքների բաժանումն ու բարեգործությունը, ինչով բացահայտ զբաղվում էր նաեւ ՀՀԿ-ն: Դրանով այդ մենաշնորհն ավելի ամրապնդվեց: Եվ ընդդիմադիր ձայների մոտ 15-20 տոկոսը տեղափոխվեց իշխանական դաշտ: Սա ընդդիմության կողմից կատարված լրջագույն սխալ էր, եւ դա նստած է ընդդիմության որոշ ներկայացուցիչների խղճին: Ու ժողովուրդը հասկացավ, որ ընդդիմությունն իր լիդերին փնտրում է իշխանական դաշտում: Եվ ասաց` այդ դեպքում ինչո՞ւ եմ քեզ ձայն տալիս: Հիմա նույն պրոցեսն է կատարվում, եւ ես դրա մեջ բացարձակապես լավ բան չեմ տեսնում, որովհետեւ ինչ որակումներ էլ տան, այսօր իրենց որակով, բնավորությամբ ու բովանդակությամբ շատ ավելի մոտ են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, քան արհեստականորեն դրված ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը: Դեռ մի երկու տարի առաջ ասել էի, որ եթե ՀԱԿ-ը այսպես շարունակի խաղալ իշխանական ուժերի հետ, նրանից կմնա ընդամենը կամուֆլյաժը: Այդ ժամանակ ՀԱԿ-ը մեծ ազդեցություն ուներ, բայց եթե ՀԱԿ-ը այսօր մի կերպ 7 տոկոս է հաղթահարել եւ դա համարում է հաղթանակ, ես ոչինչ չեմ կարող ասել: Համենայնդեպս, կարող է ինչ-որ լավ բան ցանկանան, բայց չի կարելի հաղթանակ համարել այն, ինչ այսօր ունեն»,- եզրափակեց Ռ.Հակոբյանը: