Բաժիններ՝

Ընդունելության քննությունները բուռն ընթացքի մեջ են

Հայաստանի պետական ագրարային համալսարանում, այսօր` հունիսի 28-ից, մեկնարկել է «Ռուսաց լեզվի» բանավոր քննությունը: Այս տարի ռուսերենից բանավոր քննություն կհանձնի 120 դիմորդ, քննությունը կկայանա երեք օրով` այսօր, հուլիսի 1-ին եւ 7-ին: Քննական հանձնաժողովն օրական կքննի մոտ 40 դիմորդի: Այս մասին ասաց քննական հանձնաժողովի նախագահ Լիլյա Բալասանյանը: Նրա խոսքով` որակը միջինից բարձր է, հիմնականում 10-14 միավոր են ստանում դիմորդները, իսկ ամենաբարձր միավորը, որ արձանագրվել էր 15-ն է: «Այն տխուր տպավորությունները, որ ունեցել ենք անցյալում, այդ շղթան գնում է: Պատկերը նույնն է, դա պայմանավորված է մեր դպրոցի կրթության որակի խնդրով, հուսով եմ, որ ավագ դպրոցի որակը կլինի այնպիսին, որ շրջանավարտները վստահ եւ հանգիստ գան քննությունների», ասաց Բալասանյանը: Նա հավաստիացրեց, որ բանավոր քննությանը իրենք երբեք ծրագրային նյութից դուրս հարցեր չեն տալիս, իսկ ծրագրային նյութը շատ մեծ եւ դժվար չէ:
Ներքեւում հեռուստացույցի միջոցով ծնողները հետեւում են քննության ընթացքին, լսում դիմորդների պատասխանները, նրանց հետ հավասարապես ապրում ամեն րոպեն: Թե’ ծնողները, թե’ մյուս սենյակում քննությանը սպասող դիմորդները անհամբեր են եւ հուզված: Նրանք գոհ են «Հայոց լեզու եւ գրականություն» քննությունից, սակայն նշեցին, որ ռուսերենի գրավոր քննությունը բարդ էր: Ընդհանուր առմամբ, դիմորդները լավ են տրամադրված եւ ամեն մեկը սպասում է քննասենյակ մտնելու իր հերթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս