Ինչպիսին է «նորացված» Ազգային ժողովը
ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 131 պատգամավորներից 71-ը պատգամավոր են եղել 2007-2012 թվականներին՝ 4-րդ գումարման Ազգային ժողովում, իսկ նշված 71-ից 11-ը զբաղվել են օրենսդիր գործունեությամբ նաև այլ գումարման խորհրդարաններում, տեղեկանում ենք parliamentmonitoring.am կայքից:
Ըստ կայքի՝ Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներից 8-ը ղեկավարում են Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորները: Չորս հանձնաժողովների նախագահները «Բարգավաճ Հայաստանից» են, 12 մշտական հանձնաժողովների նախագահներից 7-ը նույն մշտական հանձնաժողովները նախագահել են նաև 4-րդ գումարման Ազգային ժողովում, իսկ ԱԺ նախագահներից ոչ մեկը չի ղեկավարել Ազգային ժողովը՝ գումարման սկզբից մինչև վերջ:
5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նորանկախ Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ առայժմ միակն է, ով որպես ԱԺ նախագահ պաշտոնավարում է 2-րդ անգամ:
5-րդ գումարման ԱԺ-ում են 2 նախկին վարչապետ (Խոսրով Հարությունյան, Հրանտ Բագրատյան), 3 նախկին արտգործնախարար (Րաֆֆի Հովհաննիսյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան), Երեւանի 2 նախկին քաղաքապետ՝ Արտաշես Գեղամյան, Գագիկ Բեգլարյան, (Գագիկ Բեգլարյանը հայտնել է ինքնաբացարկ, Կապի և տրանսպորտի նախարար նշանակվելուց հետո):
Նոր խորհրդարանում կանայք 15-ն են` նախորդ 11-ի փոխարեն:
5-րդ գումարման Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորը Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված Հայկ Գրիգորյանն է՝ 28 տարեկան։ Ամենաերիտասարդ կին պատգամավորն Արփինե Հովհաննիսյանն է՝ 29 տարեկան։ Վերջինս պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով:
Նորընտիր Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորը Մկրտիչ Մինասյանն է՝ 66 տարեկան: