Նախագահը արձագանքել է վատ հեռուստաեթերի մասին նամակին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որի ժամանակ առաջարկել է Հանրային խորհրդի հովանու ներքո քննարկումներ սկսել Հանրային հեռուստաընկերության և մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ անդրադառնալով հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության վերաբերյալ Սերժ Սարգսյանին մի խումբ մտավորականների և հասարակական գործիչների ուղղած բաց նամակին:
«Ոլորտի բարեփոխումների առաջարկներ ձևավորելու և այդ գործընթացին հնարավորին լայն մասնակցություն ապահովելու նպատակով Հանրային խորհուրդն առաջիկայում մի շարք հանդիպումներ կկազմակերպի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և մտավորականների մասնակցությամբ»,- ասել է նախագահի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ օրերս մի շարք հայտնի մտավորականներ, երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ բաց նամակ էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում իրենց անհանգստությունն էին հայտնել այն առիթով, որ հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունների եթերը լցված է ագրեսիվ, քրեական և քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած` «հումորային» ծրագրերով, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում հասարակության վրա: