Հաջող ելույթներ՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հաջորդաբար անցկացվեցին Եվրոպայի ազատ և հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունները: Իրենց հարաբերությունները որոշեցին 34 երկրների պատվիրակներ (170 ազատ և 185 հունահռոմեական ոճի ըմբիշներ) Հայաստանի մարզիկները աչքի ընկան լավ պատրաստվածությամբ:
Ազատ ըմբշամարտում իր հաշվին չորս հաղթանակ, մեկ պարտություն գրանցեց, երկրորդ տեղը գրավեց և արծաթե մեդալակիր դարձավ արմավիրցի Արտակ Հովհաննիսյանը (55 կգ): Դավիթ Ափոյանի (66 կգ) նույնպես դարձավ արծաթե մեդալակիր ու կանգնեց պատվանդանի երկրորդ աստիճանին: Վեց անգամ մրցագորգ ելավ և հինգ հաղթանակ տոնեց Վոլոդյա Ֆրանգուլյանը (60 կգ): Բայց Երևանի օլիմպիական պետական մարզական քոլեջի սովորողը շատերի նման նոր մրցակարգի զոհը դարձավ, բավարարվեց ընդամենը երրորդ տեղով ու արժանացավ բրոնզե մեդալի:Թիմային հաշվարկով մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորած Հայաստանի հավաքականը եզրափակեց լավագույն հնգյակը:
Ուրախացրեց նաև հունահռոմեական ըմբշամարտի մեր երիտասարդական հավաքականը: Ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի սաները վեցերորդը ճանաչվեցին թիմային պայքարում, իսկ վերը նշած քոլեջի սովորող, երևանցի Գևորգ Ղամբարյանը (55 կգ) գետնեց բոլոր մրցակիցներին և գրավեց առաջին տեղը: Նրա ևս երկու թիմակիցներ բավարարվեցին հինգերորդ տեղով: