Գերմանացու զեկույցը գազազեցրել է ադրբեջանցի պաշտոնյային
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը մեկնաբանել է ԵԽԽՎ-ի (ավելի վաղ՝ միայն Ադրբեջանի) քաղբանտարկյալների գծով զեկուցող, գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի պատրաստած զեկույցը, որը երեկ հավանության է արժանացել ԵԽԽՎ-ի Մարդու իրավունքների ու իրավական հարցերի հանձնաժողովի կողմից և դրվելու է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի դիտարկմանը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ իրենց երկրում չկան քաղբանտարկյալներ: «Ադրբեջանում կան մարդիկ, որոնք ձերբակալվել են կոնկրետ հանցանքների համար: Չնայած նրան, որ նրանց մի մասը զբաղում է քաղաքականությամբ կամ ակտիվ քաղաքականությամբ, դա նրանց չի ազատում իրենց գործունեության համար պատժից: Մենք մեր մոտեցումը գրավոր ձևով կներկայացնենք Եվրոպայի Խորհրդին ու նրա համապատասխան կառույցներին», ասել է նա:
Հիշեցնենք, որ Շտրասերի զեկույցում նշված էր, որ Ադրբեջանում առկա է 89 քաղբանտարկյալ: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ մեծ աղմուկ էր հանել Հասանովի հետևյալ ցինիկ հայտարարությունը. «Ո՞վ է այդ Շտրասերը, որ անգամ հեղինակություն չունի իր երկրում՝ Գերմանիայում: Նրան հերոս են դարձնում, իսկ նա մեզ ցուցումներ է տալիս: Մի՞թե Գերմանիան սեփական քիչ խնդիրներ ունի, կամ Եվրոպան: Թող նրանք լուծեն այդ հարցերը և ոչ թե իրենց խորհուրդներով միջամտեն մեր գործերին: Գերմանիան թալանում է Արևելյան Եվրոպայի երկրները», ասել էր ադրբեջանցի պաշտոնյան: