Զինծառայողի աչքը հանողը դատապարտվեց 3.5 տարի ազատազրկման

«Եղնիկներ» զորամասում ժամկետային զինծառայող՝ Էջմիածինի բնակիչ Նարեկ Ավետիսյանի աչքը երկաթյա շղթայով հանած ենթասպա Արմեն Թովմասյանը, ըստ Datalex.am կայքի, դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 16-ին ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» կոչվող զորամասում նույն զորամասի ենթասպա Արմեն Թովմասյանը իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել էր ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր Երևանի՝ Մալյանի անվան աչքի կլինիկա: Վիրահատությունից հետո զինծառայողի աչքի միայն արտաքին տեսքն էր վերականգնվել, և վերջինիս աջ աչքը չի տեսնում:
Հետաքննությունից հետո գործը հանձնվել էր դատարան: Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Հ. Դավթյանի վճռել է, որ ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանին մեղավոր է ճանաչում ՀՀ Քր. Օր.-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել 3 տարի ժամկետով, ՀՀ ՔՐ.ՕՐ-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակել 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելով` նշանակված 3 տարի ազատազրկման ձևով պատժին մասնակիորեն գումարել 2 տարի ազատազրկման ձևով պատժից 6 ամիս և վերջնական պատիժ նշանակել` ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս