Եվրադատարանում կվիճարկվի օտարման մասին օրենքի կիրառումը
Աբովյան փողոցում նախկինում գործող «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի գրասենյակը վերջերս դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Նա վիճարկում է «հանրային գերակա շահի» անվան տակ իր սեփականությունը օտարելու Կառավարության որոշումը»,– ասվում է իր գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ Նաև հիշեցվում է, որ խանութի տարածքը նրա ձեռքից վերցվեց 2009-ին, սակայն այս տարիներին պետությունն այդտեղ ոչ մի հանրօգուտ ծրագիր չի իրականացրել: ««Միլանո» խանութի տարածքն արդեն 4 տարի է ոչ մի կերպ չի օգտագործվում, ոչ մի աշխատանք այնտեղ չի կատարվում: Ընդամենը քանդվել է շենքը, և ո՞րն էր այս դեպքում պետական շահը, հայտնի չէ»,– ասվում է հաղորդագրությունում։
«Մինչդեռ պետական և հասարակական կարիքների համար տարածքի օտարման մասին ՀՀ օրենքի համաձայն, եթե օտարված տարածքում նոր սեփականատերը երկու տարվա ընթացքում չի սկսում այն ծրագրի իրականացումը, որի համար օտարվել է տարածքը, ապա նա կորցնում է իր իրավունքը, և հողը վերադարձվում է նախկին տիրոջը։ Հենց այս օրենքի համապատասխան հոդվածով էլ հիմնավորվում է միջազգային դատական ատյանին ուղղված հայցը»,– նշում են հաղորդագրության հեղինակները:
Հիշեցնենք, որ Երևանում կիսակառույց կամ հետաձգված շինությունների ցանկը օր-օրի ավելանում է, ու դրանց հեղինակները, որոնցից ոմանք արդեն տասնյակ տարի չեն ավարտում իրենց օբյեկտների շինարարությունը, ոչ մի ձևով պատասխանատվություն չեն կրում մայրաքաղաքի արտաքին տեսքի խաթարման համար, ոչ ոք իրենց պահանջ չի ներկայացնում պայմանագրով սահմանված ժամկետը բազմակի խախտելու համար: