
Թումանյանի թբիլիսյան բնակարանը նվիրաբերվել է Վիրահայոց թեմին

Թումանյանի թբիլիսյան բնակարանը նվիրաբերվել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, որն էլ այսուհետ ստանձնելու է դրա պատասխանատվությունը: Այս մասին հունիսի 27-ի ասուլիսին հայտարարել է ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը: Նա բնակարանի բանալիները պաշտոնապես հանձնել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:
«Մենք ժողովրդին կարողացանք վերադարձնել Թումանյանի մասունքներից ևս մեկը: Այսուհետ Թբիլիսիում կունենանք հայկական մշակութային օջախ, որն անպայման կդառնա ժամանակակից մշակութային կենտրոն, ինչպես նաև` մշակութային կյանքի աշխուժացման երաշխիք»,-ասել Է Լ.Անանյանը և հավելել, որ բնակարանի ձեռքբերման հարցը շատերի ջանքերի շնորհիվ, այդ թվում` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, կարելի է վերջնականապես լուծված համարել: Մնում է միայն որպեսզի վերջնական լուծում ստանան բնակարանի մյուս մասի` Թումանյանի ծոռնուհու Ալյոնա Կոլեսնիկովային պատկանող հատվածի գնման եւ վերականգնման հարցերը: