Բաժիններ՝

7.5 միլիոն դրամի գիրք գողացողների դատավարությունը սկսվել է

Հունիսի 25-ից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի պետհամալսարանի գիտական գրադարանից կատարված գողությունների մեջ մեղադրվող յոթ ամբաստանյալների գործով դատաքննությունը: Նրանցից ամենածանր մեղադրանքը առաջադրվել է Վաժա Վախթանգի Ազարիաշվիլիին. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գողության, առանձնապես խոշոր չափերի գողության փորձի, ինչպես նաև ուրիշի գույքի՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման մեջ: Հիշեցնենք քրգործի հանգամանքները. Ազարիաշվիլին, գրքերի գողություն կատարելու նպատակով 2010թ. հուլիսին նախնական համաձայնության էր եկել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Գ. Ղամբարյանի և ազգությամբ ուկրաինացի ոմն Վլադ Տրուբիցինի հետ և ապօրինի մուտք գործել գրապահոց: Իրականացնելով իրենց հանցավոր դիտավորությունը՝ Երվանդ Ղամբարյանը, Վաժա Ազարիաշվիլին և Վլադ Տրուբիցինը 2010թ.ի հուլիսից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարանի» գրապահոց և այնտեղից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 7.500.000 դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքեր: Երվանդ Գուրգենի Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գողության համար, իսկ Տրուբիցինը չկա մեղադրյալների շարքում: Ամենայն հավանականությամբ նա հասցրել է ճողոպրել:
Ամբաստանյալների շարքում է Հասմիկ Արշակի Դուրգարյանը, որը 2006թ. դեկտեմբերի 5-ից աշխատելով Երևանի պետական համալսարանի` Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ, հանդիսանալով պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք:

Չորրորդ ամբաստանյալը Կարեն Վաչագանի Հովհաննիսյանն է. նա 2011թ. դեկտեմբերի կեսերին նախնական համաձայնության է եկել Վաժա Ազարիաշվիլիի և Վարդան Եղիազարյանի հետ՝ «Հայաստանի ազգային գրադարանի» գրապահոցներ ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու վերաբերյալ, որը չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով: Ուստի Վարդան Եղիազարյանը և Կարեն Հովհաննիսյանը մեղադրվում են գողության հանցափորձի մեջ: Դավիթ Գեորգիի Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի 1-ին գումարտակում որպես ոստիկան, ի պաշտոնե իրականացնելով «Հայաստանի ազգային գրադարանի» շենքի պահպանությունը, 2011թ. դեկտեմբերի կեսերին ընդունել է Վ. Ազարիաշվիլիի, Կարեն Հովհաննիսյանի և Վարդան Եղիազարյանի առաջարկը՝ օժանդակել է գրադարանի պահեստարաններ ապօրինի մուտք գործելուն և առանձնապես խոշոր չափերով գրքերի գողությանը. 2011թ. դեկտեմբերի 25-ի առավոտյան` ժամը 08-ի սահմաններում, ծառայության մեջ գտնվող Դավիթ Ղամբարյանը բացել է գրադարանի վարչական շենքի կենտրոնական մուտքի դուռը և թույլ տվել, որ Վաժա Ազարիաշվիլին և Կարեն Հովհաննիսյանը գողության նպատակով մուտք գործեն տարածք և նախապես ուսումնասիրեն այնտեղ առկա գրքերը, դրանց տեղաբաշխումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս