Վրացական կայքը՝ Ստեփանակերտի վերաբացվող օդանավակայանի մասին

Georgiatimes.info կայքը հոդված է հրապարակել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում օրերս վերաբացվելիք օդանավակայանի մասին, որտեղ մասնավորապես գրում է.  «Դեռևս ոչ վաղ անցյալում թվում էր, թե Լեռնային Ղարաբաղի օդանավակայանն այդպես էլ չի բացվելու, քանի որ Բաքուն հայտարարում էր, թե առանց իր համաձայնության՝ որևէ քաղաքացիական ինքնաթիռ վայրէջք չի կատարի Լեռնային Ղարաբաղում, իսկ եթե հայերն ամեն դեպքում ցանկանան իրականացնել այդ թռիչքները, ապա դրանով իսկ «կխախտեն» Ադրբեջանի օդային տարածքը: Սակայն, ինչպես պարզվել է, Ստեփանակերտի օդանավակայանն արդեն իսկ կառուցված է և պատրաստ է մոտ ժամանակներս ընդունել առաջին ինքնաթիռը: Բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ վաղուց գնված է այն ինքնաթիռը, որով թռիչքներ պետք է իրականացվեն Ստեփանակերտի նոր օդանավակայանից: Տոմսի միջին արժեքը կազմելու է 16-17,000 դրամ: Ավտոմեքենայով Երևանից Ստեփանակերտ գնալը տևում է 7 ժամ: Կասկած չի հարուցում քաղաքացիական թռիչքներ ընդունելու ու ճանապարհելու հարցում ղարաբաղյան կողմի ունեցած լուրջ մտադրությունը: Կասկած չի հարուցում նաև այն փաստը, որ ադրբեջանական կողմը չի կործանելու ԼՂՀ մեկնող ինքնաթիռները: Ադրբեջանի ԱԳՆ-ի նախկին մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը հայտարարել էր, որ Ադրբեջանը երբեք ուժ չի կիրառել և չի էլ կիրառելու քաղաքացիական օբյեկտների դեմ», գրում է վրացական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս