Բաժիններ՝

Ադրբեջանի իշխանությունները փորձում են նոր օրենքով թաքցնել սեփական գործարար շահերը

Իշխանություններին մեղադրում են իրենց գործարար շահերը կոծկելու նպատակով օրենք ընդունելու մեջ:

Ընկերությունների սեփականության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունն ապահովող նոր օրենքի ընդունումն անհանգստացրել է ադրբեջանցիներին, իսկ օրենքի քննադատները պնդում են, որ այն հակասում է թափանցիկ կառավարման բոլոր սկզբունքներին:

Հունիսի 13-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններն ամրագրում են, որ ձեռնարկությունների բաժնետերերի ինքնությունը եւ նրանց բաժնեմասերի վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետ գաղտնի է մնալու:

Օրենսդրական փոփոխությունների հաստատման նախօրեին, Ադրբեջանում հրապարակայնության եւ ժողովրդավարության սկզբունքների հաստատման համար պայքարող «REAL» շարժումը բողոքի ցույց կազմակերպեց խորհրդարանի շենքի առջեւ:

Շարժման համահիմնադիրներից մեկը`Իլգար Մամեդովը, այն կարծիքին է, որ այս փոփոխությունների նպատակն է թաքցնել իշխանությունների ունեցած բաժնեմասերը խոշոր ձեռնարկություններում:

«Առավել մեծ հրապարակայնություն ապահովելու աճող միտումը սկսում է անհանգստացնել Բաքվին: 2009-ին Պանամայում ձեռնարկությունների սեփականության վերաբերյալ բոլոր տվյալների մասին տեղեկատվությունը հրապարակային բնույթ ստացավ, ինչի հետեւանքով Ադրբեջանում կոռուպցիոն սկանդալներ եղան`նախագահի ընտանիքի ներգրավմամբ: Այդ պատճառով այժմ փորձում են Ադրբեջանն այսպես կոչված օֆշորային գոտի («հարկային դրախտ») դարձնել`նպաստելով կոռուպցիայի ծավալների աճին», – ասում է Մամեդովը:

«Ազադլիգ» թերթի թղթակից, հետաքննող լրագրող Շահվելեդ Չոբանօղլուն, որը զբաղվում է կոռուպցիայի խնդիրներով, նշում է`օրենսդրական փոփոխությունները հաստատվեցին, երբ մի շարք լրագրողական ուսումնասիրություններում շոշափվեցին Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամների անունները եւ նրանց ունեցած կապը խոշոր ձեռնարկությունների հետ:

Չոբանօղլուն ասում է, որ այս նոր օրենքը կստիպի շատ հետաքննող լրագրողների հրաժարվել իրենց ուսումնասիրություններից:

«Այս օրենքը… օգուտ չի տալիս հանրությանը: Այն մեզ լավ ոչինչ չի տա: Ոչ մի զարգացող հասարակություն չէր ընդունի մի օրենք, որը սահմանափակում է առեւտրային բնույթի տեղեկատվությունը», – ասում է նա:

IWPR-ը փորձեց պարզել նախագահի աշխատակազմի անդամների կարծիքն այս ամենի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական ապահովման եւ քաղաքական վերլուծությունների բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը եւ նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը հրաժարվեցին մեկնաբանություններ տալուց, այլ պաշտոնյաների հետ եւս զրուցել չհաջողվեց:

Իրավական քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Չինգիզ Գենիզադեն, սակայն, հայտարարել է, որ նոր օրենքը որեւէ կապ չունի նախագահի ընտանիքի կամ բարձրաստիճան պաշտոնյաների գործարար շահերի հետ:

«Հասարակությանն ամեն ինչ հայտնի է նախագահի ընտանիքի մասին: Դա թաքցնելու կարիք չկա: Այս օրենքն ընդունվել է, որպեսզի գործարարներին հնարավորություն տրվի իրենց բիզնեսն ապահով պայմաններում վարել: Իհարկե, օրենքը մի փոքր կսահմանափակի տեղեկատվության հասանելիությունը, սակայն կնպաստի ձեռնարկությունների արագ զարգացմանը», – կարծիք է հայտնել նա:

Սակայն սա այնքան էլ համոզիչ չի թվում Ադրբեջանի իրավաբանների միության անդամ Խալիդ Շուքուրովին, որն այս օրենքը «նոր վտանգավոր համակարգի սկիզբ» է համարում:

«Օրենքի պատճառով այս պետությունը ոչ պաշտոնական ավտորիտար ռեժիմից կանցնի պաշտոնական տոտալիտար համակարգի: Օրենքն ընդհանրապես չի ծառայում ժողովրդավարության սկզբունքներին. այն սահմանափակում է տեղեկատվության ձեռքբերման եւ տարածման հնարավորությունը», – նշում է նա:

Հունիսի սկզբին Ադրբեջան այցելած ԱՄՆ-ի Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում քննարկեց նաեւ կառավարման եւ հրապարակայնության խնդիրները:

Ադրբեջանի Բաց հասարակության ինստիտուտի փոխտնօրեն եւ Ինստիտուտի Նավթային եկամուտների թափանցիկության ու պետական բյուջեի ծրագրի տնօրեն Ֆիդան Նաջաֆովան, որը ներկա է եղել Քլինթոնի հետ հանդիպմանը, նշում է, որ հիմնականում քննարկվել են բյուջետային ծախսերի եւ կառավարման թափանցիկության հարցերը:

«Այս օրենքը հակասում է թափանցիկ կառավարման սկզբունքին: Այն հիասթափեցրել է ինձ: Այն նաեւ սահմանափակում է առեւտրային բնույթի տեղեկատվության հասանելիությունը լրագրողների համար: Այսուհետ լրագրողներին կարող են պատասխանատվության ենթարկել իրենց հոդվածներում պարզապես բաժնետերերի անունները նշելու համար», – ասում է Նաջաֆովան:

Ադրբեջանն անցյալ տարի միացել է «Բաց Կառավարման գործընկերություն» (Open Government Partnership) նախաձեռնությանը`համալրելով նրան միացած 55 երկրների շարքը: Այս նախաձեռնության անդամ դառնալու համար`պետությունը պետք է խոստանա նպաստել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության եւ հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը:

«Ազգային բյուջետային խումբ» ՀԿ-ի համակարգող Գալիբ Աբբասզադեն այն կարծիքին է, որ օրենքն անմիջականորեն հակասում է այս սկզբունքներին, քանի որ այն պաշտպանում է գործարարների շահերի գաղտնիությունը եւ թույլ չի տալիս հանրությանը հետեւել ընտրված եւ նշանակված պաշտոնյաների ու նրանց հարազատների եկամուտներին:

«Բոլոր այս գործոնները հակասում են «Բաց կառավարման գործընկերության»` արժեքներին եւ կարող են սրել լարվածությունը հասարակության շրջանում եկամուտների անհավասար բաշխման հետեւանքով», – ասում է նա:

Աբբասզադեն այն ակտիվիստների եւ լրագրողների թվում է, ովքեր հունիսի 6-ին օրենսդրական փոփոխությունը դատապարտող հայտարարություն են ստորագրել:

«Առեւտրով զբաղվող իրավաբանական անձանց մասին տեղեկատվության սահմանափակումը չի կարելի է արդարացնել հասարակության հետաքրքրասիրության մասին փաստարկով: Նման մակարդակի գաղտնիությունը կհանգեցնի այսպես կոչված ազատ տնտեսական շուկայի մասնակիցների միջեւ հավատի եւ վստահության պակասին, եւ, հավանաբար, կնպաստի կազմակերպված հանցավորության դեպքերի աճին», – նշվում է հայտարարության մեջ:

Աբբասզադեն այն կարծիքին է, որ խորհրդարանը պետք է չեղյալ հայտարարի օրենսդրական փոփոխությունները, եւ փոխարենը նոր նախագծեր պետք է մշակվեն տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելու նպատակով:

Լրատվամիջոցների իրավունքների ինստիտուտի տնօրեն Ռաշիդ Հաջիլին նշում է, որ օրենքի պատճառով գործարարությամբ զբաղվելն այսուհետ ավելի կբարդանա Ադրբեջանում:

«Երբ ձեռնարկությունները որոշում են այլ ընկերությունների հետ համագործակցել, ցանկանում են հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ նրանց մասին: Նախ եւ առաջ, նրանց հետաքրքրում է, թե ում է պատկանում ընկերությունը: Դժբախտաբար, այժմ, երբ ընդունվել է այս օրենքը, դա պարզել այլեւս հնարավոր չի լինի», – պարզաբանում է նա:

Շուքուրովն իր հերթին պնդում է, որ առեւտրային բնույթի գործերով դատական պրակտիկան նույնպես կբարդանա:

«Եթե որեւէ մեկը մեղադրվի օրենքի խախտման մեջ, հանրությունն այս դեպքի մասին չի իրազեկվի`այդ տեղեկատվության առեւտրային բնույթի պատճառով: Հասարակությունը բացահայտ կերպով դատական գործի ընթացքին հետեւելու իրավունք չի ունենա», – ասում է նա:

Շահլա Սուլթանովա
Ազատ լրագրող է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս