
Փուչիկների բռնկման գործով նախաքննությունը շարունակվում է

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների բռնկման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է ավելի քան 200 մարդ:
Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնում, նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի էր ունեցել գազով լցված փուչիկների բռնկում, որի հետեւանքով 154 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին բուժհաստատություններ:
ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունում Մեդիամաքս-ին հայտնել են, որ ներկա դրությամբ Երեւանի բուժհաստատությունում գտնվում է միջադեպից տուժած 1 մարդ:
Նա բուժում է ստանում Այրվածքաբանական կենտրոնում եւ մոտ օրերս դուրս կգրվի բուժհաստատությունից: Միջադեպից տուժած 9 հոգի արդեն ենթարկվել են պլաստիկ վիրահատման, որի անցկացման համար Երեւան էր հրավիրվել գերմանացի մասնագետ: