“Ցավոք, Ադրբեջանը իր քայլերով լարում է իրավիճակը”
Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով ավստրիացի լրագրողի հարցին, թե ի՞նչն է խանգարում, որ վերջապես լուծվի ղարաբաղյան խնդիրը, ասաց, թե պատճառը Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է եւ խնդրի կարգավորման երեք սկզբունքներից միայն մեկի ընդունումը:
«Խոսքերով համաձայն լինելով այս երեք սկզբունքների հետ` իրականության մեջ Ադրբեջանը այս երեք սկզբունքներից ընդունում է ընդամենը մեկը` պետության տարածքային ամբողջականության սկզբունքը, բացառելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ խնդիրների խաղաղ կարգավորման սկզբունքը: Երբ որ մենք կարողանանք այս սկզբունքները իրականում ընդունել, այն ժամանակ խնդիրը կկարգավորվի», – ասաց Սերժ Սարգսյանը:
Ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը Հայաստանը այլընտրանք չի տեսնում, Սարգսյանը նշեց, թե, ցավոք, Ադրբեջանը իր քայլերով լարում է իրավիճակը:
«Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը` վերջին մեկ տարվա ընթացքում ռազմատենչ հայտարարություններ եւ չհիմնավորված ինքնավստահությունը լարվածություն են առաջացնում ինչպես շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ պատահական չէր, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում այդ սադրանքների ընթացքում զոհվեցին երիտասարդներ, եւ իրավիճակը լարվեց», – ասաց Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը հիշեցրեց վերջերս Լոս Կաբոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը, որտեղ կոչ էր արվում պահպանել 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի պահանջները: Նախագահը ընդգծեց, որ հայտարարության մեջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները շեշտել են նաեւ, որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով` ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգում եւ պետությունների տարածքային ամբողջականության պահպանում:
«Մենք պատրաստ ենք այս սկզբունքների հիման վրա շարժվել առաջ, եւ ինչքան շուտ կարգավորվի հարցը, այնքան մենք ուրախ կլինենք: Խնդրի շուտափույթ կարգավորումը բխում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների շահերից», – ասաց նա: