
Կրկնակի ինքնասպանություն Երևանում

Այսօր` հունիսի 26-ի առավոտյան կրկնակի ինքնասպանության դեպք է գրանցվել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում: Առավոտյան ժամը 8.20-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունիի բաժին ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի-68 տանը ինքնասպանություն են գործել հայր ու որդի: Առանձնատան ամրանից մետաղյա ճոպանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել 62-ամյա Պետրոս Գալուստովը եւ նրա որդին՝ 30-ամյա Արթուր Գալուստյանը: Հարեւանները պատմել են, որ հայր ու որդի արհեստավորներ են: Որդին՝ Արտաշ Գալուստյանը մի քանի օր առաջ է ազատվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Նա մեկ այլ անձի հետ 2011թ. նոյեմբերին Արշակունյաց պողոտայի վրա կայանված «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով հափշտակել էր ավտոմեքենայում եղած առանձնապես խոշոր (56 մլն դրամ) գումար: Նշված գումարը պատկանում էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին եւ այդ գումարը նշված ՍՊԸ-ի աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ:
Ինքնասպան լինելու փաստի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` Քր.օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանություն հասցնելու հատկանիշներով), տեղեկացնում են ոստիկանությունից: Նրանց փոխանցմամբ` նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է: