
Facebook-ը նոր գործառույթ է սկսում

Facebook սոցիալական ցանցը նոր Find Friends Nearby գործառույթ է սկսում, որը թույլ է տալիս օգտվողին տեսնել, թե իր ընկերներից կամ ծանոթներից ովքեր են գտնվում մերձակայքում: Սոցիալական ցանցի ներկայացուցիչները պաշտոնապես դեռ չեն հայտարարել նոր գործառույթի մասին, սակայն այն թեսթային ռեժիմով աշխատում է iOS-ի եւ Android-ի բջջային հավելվածներում, նաեւ այդ հավելվածների վեբ-վարկածներում:
“Ինձ համար Find Friends Nearby-ի կիրառման կատարյալ սցենար է, երբ դուք գտնվում եք այն մարդկանց անմիջական մերձակայքում, որոնց հետ ծանոթացել եք եւ չեք ցանկանում կորցնել կապը”,- գրում է ծառայության մշակողներից Ռայան Պատերսոնը:
Գործառույթի համար անհրաժեշտ է, որ օգտվողը մտնի Facebook-ի իր հաշիվ, ակտիվացնի Find Friends Nearby պլատֆորմը: Ավելի վաղ Facebook-ի օգտվողներ ունեին նման հնարավորություն, հայտնվելով որեւէ հանրային վայրում, կարող էին նշել այն եւ տեսնել, կան արդյոք այլ ընկերներ տվյալ տարածքում: