Օսկանյանը` պարտիզա՞ն

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը երեկ Կառավարության շենքի մոտ` պատասխանելով լրագրողների հարցին` անդրադարձել է «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործին: «Ազնիվ մարդը պետք է գա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ ա, ամեն ինչը ճիշտ չի, էս մարդը ճիշտ չի, էն մարդը ճիշտ չի: Բայց պարտիզանի պես լռելն անընդունելի է»,- ասել է Գ. Հակոբյանը: Նա հրաժարվել է պատասխանել այլ հարցերի` ասելով. «Չեմ գտնում, որ հիմա ինչ-որ բան ավելացնելու իմաստ կա»: Ի դեպ, երեկ ԱԺ-ում Վ. Օսկանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե հունիսի 22-ին, ժամը 14:30-ին ԱԱԾ-ում նշանակված հարցաքննությունը չի կայացել: Հարցաքննությունը տեղափոխվել է հաջորդ շաբաթ, սակայն հստակ օրը հայտնի չէ: Այլ հարցերի Վ. Օսկանյանը հրաժարվել է պատասխանել: Նշենք, որ երեկ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ եւ պահանջել հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից` 2008 թվականի մայիսից: Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հաջորդ շաբաթ հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն` ցուցմունք տալու նպատակով: Հիշեցնենք, որ ԱԱԾ Քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի անունը: Հիշեցնենք նաեւ, որ քրեական գործը հարուցվել է մայիսի 24-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` իշխող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո:

Տեսանյութեր

Լրահոս