Բաժիններ՝

Փրփուրներից կախված Նազարյանը

Երեկ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ նա ներկայացավ որպես «բանսարկու» հրապարակումների «զոհ», ինչի պատճառով ինքը զրկվել է իր «սիրած» աշխատանքից: Այս պատմությունից անտեղյակ մեկը` ծանոթանալով երեկ ԶԼՄ-ներում ներկայացված Ս. Նազարյանի ասուլիսի մանրամասներին, որեւէ պատկերացում չի կարող ունենալ, թե իրականում ինչո՞ւ են աշխատանքից հեռացրել նրան:

Ս. Նազարյանի ասուլիսի թիրախում հայտնվել էր «168 Ժամ» թերթը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի 22-ին Ս. Նազարյանի դեմ քրեական գործ հարուցվեց, որի համար հիմք էր հանդիսացել մեր թերթի` «Տնօրենն ինձ հայհոյել է» վերնագրով հրապարակումը: Հիշյալ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Հարությունյանը մեր թերթի խմբագրություն էր եկել ոչ միայն հոգեկան տագնապալի վիճակում, այլեւ դեմքի ճանկռվածքներով, որոնք, ըստ նրա, տնօրինուհու եղունգների հետքերն էին: «Մի աղջիկ էրեխու ասաց` «Հեռախոսդ կվերցնեմ ու կմտցնեմ մամայիդ համապատասխան վայրը»: Ես էլ ասացի` էս ո՞ւր ենք ընկել»,- պատմել էր Ա. Հարությունյանը: Լրագրողական էթիկայից ելնելով` մեր թերթը երկու կողմերին էլ տվել էր պատասխանելու հավասար հնարավորություն: Ի դեպ, նշենք, որ դպրոցում տեղի ունեցած միջադեպին, դպրոցի բարոյահոգեբանական ընդհանուր վիճակին անդրադարձել էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ: Ինչեւէ, մեր հրապարակման հաջորդ օրերին մեր խմբագրությունը ոչ միայն մեծ թվով հեռախոսազանգեր էր ստանում դպրոցի ներկա եւ նախկին աշակերտներից, ուսուցիչներից, ծնողներից, այլեւ բազմաթիվ նամակներ, այդ թվում` նաեւ եվրոպական երկրներից: Իսկ մեր բոլոր հրապարակումները հիմնված են եղել բացառապես փաստերի վրա` այցելություններ նշյալ դպրոց, հանդիպումներ ներկա եւ նախկին աշակերտների հետ: Այս մասին, սակայն, մենք ավելի ուշ գրեցինք, երբ ինքներս փորձեցինք հետաքննել աշակերտների պատմությունները, լիարժեք տիրապետել տեղեկատվությանը: Ինչեւէ, մեր հետագա հրապարակումներին զուգահեռ` աճում էին նաեւ Ս. Նազարյանի` մեր հասցեին արված սպառնալիքները, թե ամեն ինչ կանի թերթը սնանկացնելու համար: Ու իր այդ նպատակին հասնելու համար նա եւ իր անչափահաս որդին դատական հայց ներկայացրեցին ընդդեմ «168 Ժամի»: Նրանք պահանջում էին հերքել իրենց մասին գրված տեղեկատվությունը եւ «զրպարտության» դիմաց վճարել 4 մլն դրամ: Ս. Նազարյանի` ընդդեմ մեր թերթի դատական հայցի քննությունը ժամանակավորապես կասեցվեց` հաշվի առնելով նրա դեմ հարուցված քրեական գործը, իսկ անչափահաս որդու հայցը չբավարարվեց, եւ դատական վճռով էլ, այսպես ասած` ամրագրվեց, որ թերթի յուրաքանչյուր բառի ետեւում եղել է փաստ: Ընդ որում` շաբաթներ առաջ ավարտվեց նաեւ Ս. Նազարյանի դեմ հարուցված քրեական գործը, եւ մեղադրանք է առաջադրվել նրան` Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով` պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Ու հետաքրքիրն այն է, որ Ս. Նազարյանը դեռ շարունակում է խոսել իր, այսպես ասած` «ոտնահարված» իրավունքների մասին, երբ իր նախկին աշակերտները մեզ հետ զրույցում ամաչում էին արտասանել այն վիրավորական, հայհոյախառն բառերը, որոնք, ըստ երեխաների, նա հնչեցնում էր թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների հասցեին: Ավելին` մեր հրապարակումներից մեկի հետեւանքով` նա նաեւ դպրոցում պատանդ էր վերցրել դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի, հիշյալ աշակերտի` Ա. Հարությունյանի տատիկին` Բահար Եղիազարյանին: Վերջինիս հայրը 1912թ. Պարսկաստանից Հայաստան գաղթածներից է: Ընդ որում` նշյալ միջադեպին տեղյակ է եղել նաեւ Վաղարշապատի ոստիկանությունը, որի միջամտությամբ ուսուցչուհին «ազատվել» է գերությունից: Փաստորեն, երեկվա ասուլիսում Ս. Նազարյանն այս ամենի մասին որեւէ բառ չի ասել, իսկ լրատվամիջոցները, որքան էլ զարմանալի է` նրան չեն հիշեցրել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ու բավականին մեծ աղմուկ բարձրացրած փաստերի մասին:

Հավելենք նաեւ, որ դպրոցում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի մասին խոսել էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով եւս հանդիպել էր դպրոցի աշակերտների եւ ծնողների հետ: Դպրոցում ստեղծված մթնոլորտին արձագանքել էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Իսկ անցյալ տարվա փետրվարին, մեր առաջին հրապարակումից օրեր անց, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն տվեց նշյալ տնօրինուհուն, ապա տեսչական ստուգումներ նշանակվեցին դպրոցում: Նախորդ տարվա ապրիլի 30-ին Ս. Նազարյանը ենթարկվեց կարգապահական տույժի եւ հեռացվեց աշխատանքից: Վերջինս այնուհետ դատի էր տվել ԿԳՆ-ին` իր լիազորությունները վերականգնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս