Ադրբեջանի պետական կայքերը պաշտպանության են անցնում
Վերջին շրջանում հայ հակերների կողմից ադրբեջանական կայքէջերի վրա կատարած բազմաթիվ գրոհներն ու դրանց հետևանքները նկատի ունենալով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել պետական մարմինների էլեկտրոնային հասցեների և տեղեկատվական ինտերնետ ռեսուրսների անվտանգությունն ապահովելու մասին: Հրամանագրով նախարարների խորհրդին հանձնարարվում է երկամսյա ժամկետում սահմանել պետական մարմինների տեղեկատվական ինտերնետ ռեսուրսների կառավարման և ստեղծման պահանջները:
Նախագահի աշխատակազմին, նախարարների խորհրդին, գործադիր իշխանության տեղական և կենտրոնական մարմիններին, խորհրդարանին, Սահմանադրական դատարանին, հաշվիչ պալատին, գլխավոր դատախազությանը, Գերագույն դատարանին և բողոքարկիչ դատարաններին հանձնարարվել է իրենց էլեկտրոնային հասցեները և տեղեկատվական ինտերնետ ռեսուրսները տեղադրել Ադրբեջանի պետական մարմինների համար ստեղծված տեղեկատվական և ռեսուրսային կենտրոնում, որը գտնվում է Պետական պահպանության հատուկ ծառայության վերահսկողության տակ: Պետական պահպանության հատուկ ծառայությանը հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պետական մարմինների էլեկտրոնային հասցեների և տեղեկատվական ինտերնետ ռեսուրսների անվտանգությունն ապահովելու համար: