Բաժիններ՝

Ոստիկանությանը հրաձգարան նվիրեցին

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն, այսօր` հունիսի 22-ին, պաշտոնապես բացել են ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ իրավապահ համակարգին նվիրաբերած նորակառույց հրաձգարանը: Ժամանակակից կահավորանքով հրաձագարանի երկարությունը 50 մետր է, ունի շարժական թիրախների համակարգ, նաեւ վարչական գրասենյակներ եւ ծառայողական տարածք: Այս նվիրաբերությունը ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրի շրջանակում է, որի նպատակը հանցավորության դեմ պայքարում եւ արդարադատության ոլորտում Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանն աջակցելն է: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ծանոթացել են տեխնիկապես հագեցած հրաձգարանի հնարավորություններին, նաեւ փորձել իրենց հմտությունները: Դեսպան Ջոն Հեֆերնը բարձր է գնահատել ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, դրանցում, մասնավորապես, ընդգծելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի դերակատարումը: «Շատ ուրախ ենք, որ համագործակցում ենք, որովհետեւ Ձեր նշանակումից հետո դուք կառուցում եք մի համակարգ, որը նպաստում է կարեւոր գործի՝ վստահություն ստեղծել ժողովրդի եւ ոստիկանության միջեւ»,-ասել է նա: Շնորհակալություն հայտնելով նվիրաբերության համար՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել համագործակցությունը, որում գերակշռողը մարդկային հարաբերություններն են: «Ես շնորհակալ եմ, որ ի սկզբանե ընդունել եք մեր գաղափարները եւ աջակցել: Մենք ուղղակի մտածում ենք միանման: Մենք ուղղակի ուզում ենք ստեղծել նորմալ, արդար, ազնիվ ոստիկանություն»,-ասել է նա: Նշենք, որ հրաձգարանում կարող են մարզվել նաեւ Հայաստանի իրավապահ համակարգի այլ գերատեսչությունների աշխատակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս