«Հարսնաքարի» գործով 4 հոգի տեղափոխվեցին բանտ
Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 17։00-ին, Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեցին չորս անձինք` Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը և Արման Բաղդասարյանը։Նրանց դատարան էին բերել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցների հսկողությամբ՝ ձեռնաշղթայված վիճակում։Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի այս չորս անձանց նկատմամբ, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բժիշկներին առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելու համար, դատարանը որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը։Դատավորներ Մնացական Մարտիրոսյանը, Էդիկ Ավետիսյանը և Գայանե Կարախանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեցին քննչական մարմնի միջնորդությունը։